2022 թվականի սեպտեմբերի 25-29-ը Վրաստանում տեղի կունենա Դատախազների միջազգային ասոցիացիայի 27-րդ ամենամյա համաժողովը: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, այս մասին նշված է ասոցիացիայի կայքում հրապարակված Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարությունում։
«Միջազգային նշանակության դատախազների համաժողովը լավ հնարավորություն է տարբեր երկրների դատախազների միջև փորձը կիսելու և կարևոր ոլորտներին ծանոթանալու համար», — ասվում է գլխավոր դատախազի հայտարարության մեջ:
Ըստ Իրակլի Շոթաձեի, Դատախազների միջազգային ասոցիացիայի 27-րդ տարեկան համաժողովի մասնակիցները կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են կիբերհանցագործությունների զարգացումը, անդրսահմանային էլեկտրոնային ապացույցների հետ կապված մարտահրավերները և վիրտուալ սեփականության միջոցով փողերի լվացումը:
Համաժողովը շրջանակներում նախատեսված են թեմատիկ հանդիպումներ, որոնց մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել արդիական հարցեր։
Դատախազների միջազգային ասոցիացիան (IAP) հիմնադրվել է 1995 թվականին և դատախազների միակ միջազգային կազմակերպությունն է՝ 171 երկրներում 172 դատախազություններով և 3000 անհատներով։
«Վրաստանի դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Համաժողովն ամեն տարի անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, ինչը լավագույն հնարավորությունն է անդամ կազմակերպությունների միջև փորձի փոխանակման և միջազգային համագործակցության ամրապնդման համար», — ասված է Վրաստանի դատախազության տարածած հաղորդագրությունում։