Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մտադիր է մարտին Պրահայում հանդիպել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ։
Ըստ Կարասինի՝ կողմերը պետք է քննարկեն մի շարք հարցեր՝ «3+3» ձևաչափով բանակցությունների հնարավորությունը, տարածաշրջանային քաղաքականության հարցեր, երկկողմ խնդիրներ, այդ թվում՝ թռիչքների վերսկսումը, քաղաքացիների ճանապարհորդությունը և վիզաներին վերաբերող հարցեր։
Նշենք, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն և հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։