Վրաստանի դպրոցների «Հայոց լեցու և գրականություն» դասավանդող ուսուցիչները դժգոհում են առարկայական քննության գրականության ծրագրից:
Ուսուցիչների դժգոհության պատճառներից մեկը գրականության հատվածի հետ է կապված: Նրանցից շատերը կարծում են, թե սփյուռքում դասավանդող մայրենիի ուսուցչին այդքան ծանրաբեռնել պետք չէ: Նրանց կարծիքով՝ հարցաշարի մեջ կարելի էր ավելի շատ տեղ հատկացնել նոր ժամանակաշրջանի գործիչներին, որոնք աշխատանքները ներառված են կրթական ծրագրերում։
Մառնեուլի մունիցիպալիտետի Դամիա գյուղի դպրոցի «Հայոց լեցու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյան) «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ որպես սփյուռքի մայրենի լեզվի ուսուցիչ՝ քննությունը շատ բարդ է, հատկապես տարրական դասարանի ուսուցիչների համար:
«Գրականության հատվածը շատ ծավալուն է: Պետք չէ ուսուցչին այդքան ծանրաբեռնել․ այնպես է ստացվում, որ հաճախ ուսուցիչներին այնքան են ծանրաբեռնում, որ դպրոցում ուսուցումը դառնում է ոչ թե աշակերտակենտրոն՝ այլ ուսուցչակենտրոն»,- ասում է Նալբանդյանը:
Ուսուցիչը նաև նշում է, որ ցանկալի կլիներ ավելի թեթևացրած լինեն հարցերը, որպեսզի կարողանային ավելի հեշտ հաղթահարել քննությունը, կոչում ստանալ և հնարավորություն ունենան մնալ դպրոցում:
Հատկանշական է, որ Վրաստանում լեզուներ և մաթեմատիկա դասավանդող ուսուցիչները հնարավորություն ունեն առարկայական քննությունը հանձնել երկու եղանակով՝ տարրական և բարձր դասարանի մակարդակով: Ընդգծենք նաև, որ ըստ մակարդակների՝ հարցաշարը զգալիորեն տարբերվում է. օրինակ՝ տարրական դասարանի քննությունը շատ ավելի հեշտ է, քան բարձր դասարաններինը: Սակայն, տարրական դասարանների քննություն հանձնած լեզուների և մաթեմատիկայի ուսուցիչն իրավունք ունի դասավանդել նաև բարձր դասարաններում:
Հարկ է նշել, որ երբ դեռ խոսք անգամ չէր գնում Վրաստանում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների քննություն հանձնելու մասին՝ հայոց լեզվի շատ մասնագետներ համակարգում մնալու և մայրենի լեզուն դպրոցներում դասավանդելու համար՝ ընտրել են այլ առարկա, որից քննություն են հանձնել և ստացել ավագի կոչում:
Դամիա գյուղի տարրական դասարանների դասվար, մաթեմատիկա առարկայից ավագ ուսուցչուհի Աննա Դարբինյանը, ով թե՛ լրիվ, և թե՛ բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է.
«Մենք տարրական դասարաններում այդքան խորացված գրականություն չենք անցնում և կարող եմ փաստել, որ բարձր դասարաններում ևս այդպիսի բարդության ծրագիր չունենք»:
Աննա Դարբինյանի խոսքով՝ միգուցե քննությունը դյուրին լինի նրանց համար, ովքեր ամբողջությամբ հայկական կրթություն ունեն, սակայն Վրաստանում հայերեն դասավանդողների մեծ մասը կրթություն է ստացել Վրաստանում, հետևաբար՝ դժվարություններ կլինեն:
«Խնդիրներից մեկն էլ այն է, որ Վրաստանում տարրական դասարանների հավաքական առարկաներից բաղկացած քննություն կա, որի ժամանակ այդ ուսուցիչները միաժամանակյա մեկ քննությամբ հանձնում են վրացերեն լեզվի, բնագիտության և մաթեմատիկայի քննություն, որը բարեհաջող հանձնելու դեպքում ավագություն են ստանում այդ առարկաների համար: Ցավոք, այս պահը ևս հայերենի ուսուցիչներին հասանելի չէ»,- ասում է Աննա Դարբինյանը:
Դարբինյանը նշում է, որ ավագության լիարժեք դրույք ստանալու համար նախ վերոնշյալ երեք առարկաներն էլ պետք է հաղթահարված լինեն 10-ական կրեդիտ-միավորով, ինչը և՛ ժամանակատար է, և՛ բավականին դժվար:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սիմոյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ հարցաշարը բավականին ծավալուն է, հատկապես գրականության բաժինը, և հատկապես, եթե հաշվի առնենք, որ Վրաստանի հայկական դպրոցներում հայերենին շաբաթական հատկացվում է ընդամենը երեք ժամ (լեզուն և գրականությունը միասին), հետևաբար, նման ծավալի գրականություն, բնականաբար, չեն հասցնելու դպրոցներում յուրացնել, և ստացվում է, որ քննական հարցերն այնքան էլ չեն համապատասխանում դպրոցական ծրագրին:
«Կցանկանայի, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար առանձին, հայերենը՝ որպես մայրենի լեզու, դասագրքեր հրատարակեին՝ համապատասխանեցված Վրաստանի ազգային ուսումնական պլանին, իսկ քննական ծրագրում զետեղեին միայն այն հեղինակներին, որոնք խիստ կարևոր են հայ գրականության, գրական մտքի ու բովանդակության մասին պատկերացում կազմելու համար»,- ասում է Սիմոնյանը:
Ուսուցչի խոսքով՝ ցանկալի է, որ Վրաստանում դասավանդող ուսուցիչն այդքան խորը կամ գուցե ավելին իմանա գրականության մասին, բայց այստեղ կարևորը ցանկալին իրականությունից տարբերելն է.
«Ցավոք սրտի, մեզանում շատ վաստակաշատ ուսուցիչներ, թեկուզ իրենց գործում գիտակ, ունեն ընդամենը բազային կրթություն և գիտելիքները ձեռք են բերել միայն աշխատանքային փորձառության շնորհիվ, իսկ վերջինս նրանց թույլ չի տվել նման ծավալին համապատասխան գիտելիքներ ձեռք բերել»։
Ըստ Սիմոնյանի՝ ստացվում է, որ հայոց լեզվի ուսուցիչները հայապահպանության համար արել են առավելագույնը՝ իրենց ուժերի սահմաններում, իսկ այսօր կանգնած են բարդ խնդրի առջև ոչ միայն որպես ուսուցիչ, այլև հեղինակություն, որովհետև փորձը ցույց է տվել, որ միշտ քննությունը տապալած ուսուցչին այլ կերպ են ընկալում և վերաբերվում:
Սիմոնյանը ևս կարևորում է տարրական դասարանի դասվարների խնդիրը և ընդգծում, որ տարրական դասարանների համար առանձին ծրագիր է հարկավոր:
«Եթե բարձր դասարանցիների ուսուցիչների համար խոսում ենք թերի կամ ոչ լիարժեք կրթության մասին, ապա այստեղ անգամ դա էական չէ, որովհետև, եթե համադրում ենք տարրական ուսուցչի անցած ծրագիրը մեզ ներկայացվելիք ծրագրի հետ, ապա պարզ է, որ դրանք անհամատեղելի են»,- ասում է Սիմոնյանը՝ հավելելով, որ անգամ բուհական կրթությունը տարրական դասարանների ուսուցիչներ պատրաստելիս չի տալիս նման ծավալի ու բովանդակության գիտելիքներ:
Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնի թեստավորման բաժնի պետ Ալեքսան Եսայանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վրացական կողմից ստացել են վրացերեն լեզվի համար նախատեսված քննության թեստերի օրինակները և խնդիր է դրվել, որ հայկական կողմը նույնպիսի առաջադրանքների բազա ստեղծի՝ հայոց լեզու և գրականություն առարկայի ծրագրի հիման վրա:
Եսայանի խոսքով, իրենք իրավունք ունեն ծրագրի սահմաններում ընտրել և կազմել հարցերը, բայց ծրագրից դուրս չեն կարող «պրիմիտիվ» հարցեր կազմել, քանի որ վրացական կողմը, բնականաբար, կմերժի այն:
«Օրինակ Հայաստանում՝ շեշտը դրված է հայոց լեզվի վրա, իսկ Վրաստանի կողմում՝ ավելի շատ գրականության վրա է դրված շեշտը, ինչի միջոցով փորձ է արվում ստուգել ուսուցիչների վերլուծական հմտությունները»,- ասում է Եսայանը:
Եսայանի խոսքով՝ թեստերը դեռևս չեն փոխանցել վրացական կողմին և դրանց վրա ամենօրյա աշխատանքներ են տարվում, իսկ թե ինչպիսի առաջադրանքներ են լինելու՝ անգամ իրենք տեղյակ չեն:
Հարցին, թե արդյոք հայկական կողմը տեղյակ է, որ վրացերեն լեզվի, անգլերենի, մաթեմատիկայի և մյուս առարկաների համար կա 1-6 և 7-12-րդ դասարանցիների համար առանձին-առանձին մշակված հարցաշար և գրականության ցանկ, և այդ մակարդակների հարցերի բարդությունը տարբեր են, Եսայանը պատասխանում է.
«Երկու մակարդակ ունենալու մասին մեզ ինֆորմացիա չի տրվել, ենթադրում եմ, որ դեռևս 7-12-րդ դասարանցիների մակարդակն է լինելու միայն»:
Ըստ Եսայանի՝ ուսուցիչը պետք է առարկան իմանա, նոր դասավանդի աշակերտին, եթե առարկան գիտի՝ ապա բարդություն չի լինի քննությունը հաղթահարելու համար:
«Բնականաբար, գրականության ցանկի այն ծրագրային բոլոր հարցերը չեն լինելու, դրանց մի մասն է լինելու, և, եթե մի քիչ պարապեն, ապա անհաղթահարելի ոչինչ չի լինի»,- ասում է Եսայանը: