«1+4»․ կնճռոտ հարցեր վրացերենի ուսուցան հարցում

Վրաստանում Էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման հարցը շարունակում է արդիական մնալ, հիմնական պատճառը նույնն է, ինչ տասնյակ տարիներ առաջ՝ պետական լեզվի չիմացությունը: Թվում է՝ երբ պարզ սահմանված է խնդիրն ու պատճառը, ապա հեշտությամբ հնարավոր է լուծել այն, սակայն իրողությունն այլ է. դպրոցներում պետական լեզվի ուսուցման հետ կապված խնդիրներ դեռևս կան, իսկ դպրոցից հետո Վրաստանում մնալու և կրթությունը շարունակելու դեպքում երիտասարդները պետական լեզուն կարող են սովորել գումարի դիմաց:


Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ վրաց հասարակությունում ինտեգրման ուղիներից առաջատարը, անխոս, կարելի է համարել «1+4» կրթական ծրագիրը, որն ամեն տարի հազարավոր հայ, ադրբեջանցի, օս և աբխազ դիմորդների հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի պետական բուհերում: Հանձնելով ընդամենը մեկ քննություն՝ մայրենի լեզվով (Վրաստանում ընդունելության քննությունները 4-ն են), փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընդունվում են նախապատրաստական կուրս՝ մեկ տարի սովորելով վրացերեն, ինքնաբերաբար դառնում երկրի պետական բուհի բակալավրի ուսանողներ:

Պատկերը թվերով՝ 2010 թվականին ծրագրով համալսարան է ընդունվել 247 ուսանող, 2018-ին՝ 1231, 2019-ին՝ 1334։ 2020 թվականին ծրագրին դիմել է 1223 դիմորդ, որոնցից 935-ը՝ ադրբեջանցի, 252-ը՝ հայ, 4-ը՝ օս։ 2021-ին բուհ ընդունված 1332 դիմորդից 1033-ը ադրբեջանցի է, 292-ը՝ հայ, 7-ը՝ օս։ Նշենք, որ օսերի ու աբխազների համար ծրագիրը հասանելի է 2017 թվականից:

«1+4»-ն իր գոյության 11 տարիների ընթացքում հազարավոր շրջանավարտներ է տվել՝ պետական լեզուն սովորելու ու հաջողակ քաղաքացի դառնալու տեսանկյունից նրանց դարձնելով օրինակելի իրենց իսկ համայնքներում: Այս ընթացքում, սակայն, ի հայտ են եկել նաև մի շարք բացթողումներ, որոնց մասին վերջին տարիներին հատկապես շատ են բարձրաձայնում ինչպես հենց իրենք՝ ուսանողները, այնպես էլ քաղաքացիական հասարակության անդամները, որոնց հետ էլ զրուցել ենք առկա խնդիրների շուրջ:

Դպրոցում լեզվի ուսուցման բացը հետագայում դառնում է վճարովի

«Այս ծրագրի գոյությամբ, փաստացի, պետությունը հաստատում է, որ չի կարողանում ապահովել իր քաղաքացիների համար պետական լեզվի ուսուցումը դպրոցներում»,- ասում է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Թարզյանը, ով նույն ծրագրով ավարտել է Իլիայի պետական համալսարանը: Ըստ Թարզյանի, ստեղծված պայմաններում ոչ վրացալեզու ուսանողները պետական լեզուն սովորելու համար ստիպված են լինում գումար վճարել:

Նշենք՝ բուհ ընդունվածների ցուցակից, ըստ հավաքած միավորների, առաջին հարյուր դիմորդները (100-ական էթնիկ հայ և ադրբեջանցի) ստանում են պետական ֆինանսավորում՝ նախապատրաստական կուրսում, այնուհետև նաև բակալավրի չորս տարիներին անվճար սովորելու: Ցուցակում ընդգրկված, բայց համեմատաբար ցածր միավոր հավաքած մյուս դիմորդները, սակայն, բոլոր հինգ տարիներին (ներառյալ վրացերենի ուսուցման նախապատրաստական կուրսը) սովորում են վճարովի՝ վճարելով տարեկան սահմանված ուսվարձը՝ 2250 լարի:


«Դիմորդների համար արդեն իսկ անհավասար պայմաններ են ստեղծված: Էթնիկ փոքրամասնությունները հանձնում են մեկ քննություն՝ ընդհանուր ունակություններ (բաղկացած վերբալ ու մաթեմատիկական հատվածից), որը տարիներ առաջ ընդհանրապես հանվել է ընդունելության ծրագրից: Նույնիսկ էթնիկ մեծամասնության ներկայացուցիչներն այս քննությունը չեն հանձնում: Դպրոցներն էլ տվյալ առարկայից քննությունը հանձնելու համար բավականաչափ կրթություն չեն տալիս, դիմորդները ստիպված են գումար վճարել անհատական պարապելու համար»,— ասում է Թարզյանը՝ ընդգծելով գյուղի բնակչության սոցիալական կարգավիճակին անհամապատասխան այս իրականությունը:

Նրա խոսքով, առաջին հարյուր ուսանողի շարքում չհայտնված և պետական ֆինանսավորում չստացող դիմորդներին ողջ համալսարանական տարիներին ուղեկցում են նաև մի շարք այլ խնդիրներ՝ սկսած տրանսպորտի բացակայությունից, վերջացրած՝ սոցիալականով և նյութականով։

Հատկանշական է, որ այս մասին տարիներ շարունակ ամենամյա իր զեկույցում խոսում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան: Օմբուդսմենը խորհրդարանում անցյալ տարի ներկայացնելով 2020 թվականի հաշվետվությունը, կրկին ընդգծել էր, որ պետությունը պետք է մեծացնի հիշյալ ծրագրով ուսանողների ֆինանսավորման բյուջեն: Լոմջարիան մեջբերել էր նաև այն փաստը, որ 2020-ին 1223 դիմորդներից պետական դրամաշնորհ է ստացել միայն 10.4%-ը:

«1+4»-ի և դրական, և բացասական կողմերի հարցում «Ալիքի» հետ զրուցած ծրագրի շահառուները համամիտ են: Շուքուր Ալիևը, որ ծրագրին դիմել է որպես ադրբեջանալեզու քաղաքացի՝ հինգ տարի առանց դրամաշնորհի դժվարությամբ վճարելով ուսում ստանալու համար, գլխավոր խնդիր է համարում հենց ծրագրի վճարովի լինելու փաստը:

«Ծնողների համար բավականին դժվար է, բացի բակալավրի չորս տարիները, վճարել նաև նախապատրաստական կուրսի ուսվարձը: Քո իսկ երկրում պետական լեզուն սովորելու համար չպետք է գումար վճարես: Եվրոպական օրինակով անդրադառնանք հարցին՝ այնտեղ պետությունն ամեն ինչ անում է, որ ներգաղթյալներն առավելագույնս արագ տիրապետեն պետական լեզվին։ Առնվազն առաջին տարին պետք է անվճար լինի, պայմանները հավասարեցվեն, իսկ բակալավրի տարիներ միայն, իհարկե, դրամաշնորհ չստանալու դեպքում բոլորի նման՝ վճարովի»,- նշում է Շուքուրը:

Ինչո՞ւ պետությունը չկարողանալով դպրոցական մակարդակով ապահովել պետական լեզվի ուսուցումը, պետք է գումար պահանջի արդեն բարձրագույն ուսհաստատությունում այն սովորելու համար.
«Ճիշտ հարցադրում է, որի պատասխանն այսօրվա դրությամբ չունենք: Տրամաբանությունից դուրս է պետական լեզվին տիրապետելու դիմաց քաղաքացիներից գումար պահանջելը: Օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն՝ հանվեն քվոտաները (100 ֆինանսավորվողների ցուցակը) ու անվճար դարձնել նախապատրաստական կուրսը»,-ասում է ԹՊՀ իրավաբանական ֆակուլտետեի մագիստրոս, իրավաբան Անդրանիկ Մինասյանը

«Սոցիալական Արդարադատության կենտրոնի» (Social Justice Center) համահիմնադիրներից, իրավաբան Թամթա Միքելաձեն գտնում է, որ բացը, որ պետությունն արձանագրում է պետական լեզվի ուսուցման հարցում, պետք է փոխհատուցվի գոնե այն անվճար դարձնելով․

«Ուսման վարձի մասին խոսելիս կարևոր է նշել չափը: Երիտասարդները նախապատրաստական կուրսի ընթացքում վճարում են մեկ ուսումնական տարվա ամբողջական գումարը, մինչդեռ ուսանում են միայն վրաց լեզու: Բնականաբար, շատ ավելի քիչ ռեսուրս է ծախսվում, ի տարբերություն բակալավրի ծրագրի: Հիմնարար վերանայում է պահանջում այս հարցը: Խնդիրը հենց պետության մեջ է, ոչ թե համայնքների ներկայացուցիչների: Ավելին, էթնիկ հայ ու ադրբեջանցի ուսանողները լրացուցիչ սոցիալական աջակցության կարիք ունեն, որպեսզի կարողանան Թբիլիսիում ապրել ու կրթություն ստանալ»:

Միքելաձեն ընդգծում է հատկապես Ջավախքի բնակիչների սոցիալական սուր խնդիրները․ աշխարհագրական դիրքի պատճառով նրանք ի տարբերություն Քվեմո Քարթլի շրջանի բնակիչների, չեն կարողանում ամեն օր Թբիլիսի դասի գնալ և վերադառնալ: Սրան գումարվում է նաև ադրբեջանական «Սոկարի» կողմից դրամաշնորհի ցուցակում չընդգրկված էթնիկ որոշ ադրբըջանցիների ֆինանսավորելու փաստը, նման որևէ օգնություն էթնիկ հայերի դեպքում պարզապես չկա:

Վրացական քաղաքականության անտարբերությունը փոքրամասնությունների հանդեպ

Տիգրան Թարզյանը գտնում է, որ «ծրագիրն իրականում պետք է կոչվեր ոչ թե «1+4», այլ՝ «1», քանի որ բակալավրի չորս տարիներին և դրանից հետո պետությունն այլևս չի հետաքրքրվում ծրագրի շրջանավարտների ճակատագրով»:

Ավելին, ծրագրի արդյունավետությունը ստուգելու համար չկա հետազոտություն, թե ուսանողներից քանիսն են ավարտել համալսարանը, քանիսն են ուսումը շարունակել մագիստրատուրայի ծրագրով, քանիսն են աշխատանք գտել և կամ քանիսն են իրենց համարում ինտեգրված քաղաքացի:

«Ալիք Մեդիայի» զրուցակիցներից շատերը շեշտեցին, որ 2010 թվականից ի վեր ծրագիրը չի կատարելագործվել, որևէ փոփոխություն չի իրականացվել:

Վրաստանի պետական համալսարաններում որոշ ֆակուլտետներ անվճար են բոլորի, բացառությամբ «1+4» ծրագրով ընդունվածների համար: Էթնիկ հայ ու ադրբեջանցի ուսանողները ստիպված են լինում գումար վճարել նաև այն դեպքում, երբ անկախ ունեցած միավորներից, նշված ֆակուլտետում սովորելը բացարձակապես անվճար է: Այս մասին նշված է Վրաստանի ԿԳ նախարարի հրամանում:

«Ալիք Մեդիան» հարցին անդրադարձել էր նախորդ տարի, երբ ուսանողները դասախոսների հետ միասին ստորագրահավաք էին կազմակերպել, դիմել պետությանը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել:

Հատկանշական է, որ խնդիրն այս տարի կրկին ակտուալ դարձավ, երբ խորհրդարանում ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի զեկույցի ժամանակ ծրագրի հետ կապված հարցեր ուղղեց պատգամավոր Տարիել Նակաիձեն: Նախարարը պատասխանել էր, որ անվճար ֆակուլտետներից օգտվելու հնարավորություն ունի էթնիկ փոքրամասնության 200 ներկայացուցիչ ուսանող, իսկ այդ թիվն ավելացնելու ուղղությամբ իրենք աշխատում են:

Հատկանշական է, վերջին ամիսներին վրաց լեզվի նախապատրաստական կուրսում փոփոխություններ մտցնելու հարցն օրակարգ են բերել հենց էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու քաղհասարակության ակտիվիստները: Հիմնականում շրջանառում են նյութում արծարծված հարցերը, իսկ նախապատրաստական մեր տարին անվճար դարձնելու ուղղությամբ արդեն իսկ աշխատում են մի քանի կազմակերպություններ՝ իրավական ու քարոզչական ճանապարհով: