Փետրվարի 18-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 526 205-ի: Մեկ օրում արձանագրվել է 14 405 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 29.64%:
Վրաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ իրականացվել է 2 791 310 պատվաստում։ Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի՝ ներկայումս առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 345 661 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափ) պատվաստվել է 1 238 784 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43.1%-ը։ Հատկանշական է, որ 204 244 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով։ Ավելին՝ այստեղ:
Փետրվարի 18-ին, Թբիլիսիի ժամանակով 10:34-ին Թբիլիսիից 55 կմ հեռավորությամբ գտնվող Դմանիսիի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 (ML) մագնիտուդ։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետի տեղակալ Թեմուր Մճեդլիձեն այցելել են շրջանի մանկապարտեզներ։ Ինչպես նշվում է, քաղաքապետը տեղում ծանոթացել է կրթադաստիարակչական ընթացքին, դաստիարակների հետ քննարկել առկա խնդիրները։
Վրաստանի փոստը բաժանորդներին նախազգուշացնում է չհավատալ տարածված կեղծ տեղեկատվությանը, ըստ որի փոստի կայքի միջոցով հնարավոր է կատարել բանկային գործողություններ։
Թբիլիսիի Վարկեթիլի մետրոկայանի շրջակայքից փետրվարի 17-ին առևտրականների վաճառասեղանները տարհանվել են։ Երեկ առավոտյան ժամանած առևտրականներին թույլ չեն տվել բացել տաղավարները։ Քաղաքապետարանը պարզաբանել է, որ քաղաքացիները հաճախ են դիմում փողոցային առևտուրը արգելելու պահանջով:
«Կանաչապատում պետք է անել, որ քաղաքը գեղեցկանա, ինչ գեղեցկության մասին է խոսքը, երբ մարդը հացի փող չունի» — ասել է առևտրականներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում։
Բաթումիի քաղաքապետարանն էլ երեկ՝ փետրվարի 18-ին, սկսել է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող ապօրինի կառույցները: Բաթումիի բուլվարի կենտրոնական հատվածում գտնվող կառամատույցի մոտ, որտեղ տեղակայված են սննդի հանրաճանաչ մի շարք օբյեկտներ և խանութներ, աշխատում է հատուկ տեխնիկա։ Քաղաքապետարանի փոխանցմամբ, թուրքական ընկերությունը ապօրինի շինություններ է կառուցել լողափի մի հատվածում, որը նրան վարձակալության է տրվել 2010 թվականին: Չնայած բազմիցս զգուշացումներին, ընկերությունը մինչ այժմ հրաժարվում էր ապամոնտաժել շենքերը:
Վրաստանը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 101 մլն եվրոյի վարկ կստանա՝ Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում ենթակառուցվածքները բարելավելու համար։ ԱԶԲ-ի հետ համաձայնագիրը Վրաստանի խորհրդարանը վավերացրել է նախօրեին։
«Վարկի հիմնական նպատակն է մարզային քաղաքները դարձնել ավելի գրավիչ ապրելու համար, խոսքը տեխնիկական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավման մասին է», — ասել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։
Ըստ Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տվյալների՝ վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավիրական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածում ակտիվորեն ընթանում են 9 կմ երկարությամբ թունելի հորատման և շինարարական աշխատանքները։ Նշվում է, որ գլխավոր թունելում TBM տեխնիկայով արդեն հորատվել է 770 մետր, երկաթբետոնե սալիկներ են տեղադրվում։ Ըստ տվյալների՝ տարհանման թունելում այս պահին հորատվել է 2 644 մետր։
Վրաստանի Սագարեջոյի շրջանի Յորմուղալո գյուղում 14 տարեկան աղջկա են փախցրել։ Աղջկան առևանգել են տնից 68 օր առաջ, տատիկը (միակ խնամակալը) դիմել է տեղի ոստիկանության բաժանմունք, սակայն նրան պատասխանել են, որ չի կարող դիմում ներկայացնել, քանի որ դրա իրավունքն ունեն ծնողները։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սաֆարի» կազմակերպությունը արձագանքել է «Փանջարա» հարթակի և նրա բլոգերների ու ակտիվիստների վրա կազմակերպված հարձակմանը։ Կազմակերպությունը նշում է, որ «Սաֆարին» կանգնած է երիտասարդ ակտիվիստների կողքին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների, ադրբեջանական համայնքի և Վրաստանի ավելի լավ ապագայի համար։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է գրել գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ կոչ անելով վերացնել 2013 թվականին և դրանից հետո Պետական պաշտպանության հատուկ ծառայության կողմից կատարված ծախսերի գաղտնիության գրիֆը։ Երրորդ նախագահի խոսքով՝ ինքը դիմում է Զուրաբիշվիլիին՝ «ոչ թե խոսքով, այլ գործով փրկելու գեներալ Թեմուր Ջանաշիային միանգամայն անարդարացի բանտարկությունից»։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Իզորիան խոսելով Վրաստանի վարչապետի Մյունխեն այցի մասին, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության խորացմանը։
«Շատ կարևոր է Վրաստանի վարչապետի ներկայությունը Մյունխենի անվտանգության համաժողովին, որը ևս մեկ լրացուցիչ հարթակ կլինի հայտարարելու մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ կապված Վրաստանի եվրաինտեգրման և Հյուսիսատլանտյան ինտեգրման դիրքորոշման հետ», -ասել է Իզորիան։
Մյունխենում վարչապետի գլխավորությամբ վրացական պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, որ Թբիլիսիի կարծիքը կարևոր է համաշխարհային հանրության համար։ Մյունխենում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ընդգծելով նաև, որ Վրաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում, որտեղ «մենք այդ ծանր հետևանքները կրել ենք 2008 թվականի պատերազմի հետևանքով»։
Ուրախ եմ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որն իսկապես հիանալի հարթակ է անվտանգության ավանդական և ժամանակակից մարտահրավերները քննարկելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը կանգնած է միջազգային հանրության կողքին։
Փետրվարի 18-ին Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2,30 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 2,9778 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 2,70 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3843 լարի։