Վրաստանում 2021 թվականին իրական տնտեսական աճը հասել է 10,6 տոկոսի, ինչը 2,5 անգամ գերազանցում է ի սկզբանե կանխատեսվածը։ Այս մասին խորհրդարանում «Նախարարների ժամ» ձևաչափի իր ելույթում ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նախարարի խոսքով՝ 2019 թվականի համեմատ տնտեսական աճի տեմպը բարելավվել է 3,1 տոկոսով։
«Բարձր տնտեսական աճի արդյունքում անվանական ՀՆԱ-ն զգալիորեն ավելացել է և կազմել 59,6 մլրդ լարի՝ ի սկզբանե կանխատեսված 53,4 մլրդ լարիի փոխարեն, ինչը նշանակում է տնտեսության անվանական արտահայտման աճը կազմել է 6 մլրդ լարի, իսկ 2020 թվականի հետ համեմատած ավելացել է ավելի քան 10 մլրդ լարիով»,- ասել է Խուցիշվիլին։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ համաճարակի սկզբնական փուլում զգալի ջանքեր են գործադրվել բիզնեսին աջակցելու համար.
«Այս ընթացքում մեր հիմնական խնդիրն էր կանխել համաճարակի վերածումը երկարաժամկետ տնտեսական ճգնաժամի և հնարավորինս պահպանել աշխատատեղերը։ Արդյունքում, եկամուտների ծառայության ընկերությունների հայտարարագրած տեղեկատվության համաձայն, 2021 թվականին աշխատողների հայտարարագրված թիվը 4,0 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը»։
Խուցիշվիլին խոսել է նաև զբոսաշրջության ոլորտի մասին՝ նշելով, որ երկրի տնտեսության մեջ զբոսաշրջությունից եկամուտների անկումն արտացոլվել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի վրա, և մինչև 2020 թվականը այդ ցուցանիշը կհասներ 12,4 տոկոսի։
«2021 թվականի երկրորդ կիսամյակից զբոսաշրջությունից եկամուտներն արդեն գերազանցել են 2019 թվականի մակարդակի 50 տոկոսը, իսկ 2022 թվականի հունվարին այն արդեն 69,3 տոկոս է։ Ընթացիկ հաշվարկների համաձայն՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2021 թվականին բարելավվել է մոտ 2,2 տոկոսային կետով, իսկ միջնաժամկետ հեռանկարում, զբոսաշրջության ակնկալվող վերականգնման դեպքում, կվերադառնա 5 տոկոս նշագծին»,- ասել է ֆինանսների նախարարը։