Վրաստանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ, որը պարտադիր կդարձնի մանկապարտեզներում և դպրոցներում պետական դրոշների բարձրացումը:
Ըստ տեղեկության՝ օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է այսօր՝ փետրվարի 16-ին, խորհրդարանի լիագումար նիստում։
Օրենքի նախագծի արդյունքում հանրակրթական հաստատության/դպրոցի շենքերի և Վրաստանի օրենսդրության համաձայն ստեղծված իրավաբանական անձի շենքերի վրա, որոնք համարվում են նախակրթական և կրթական ծառայություններ մատուցող շինություններ, պարտադիր է լինելու մշտապես բարձրացնել պետական դրոշը և ամբողջությամբ դնել պետական զինանշանը։ Ինչպես նաև, օրենքի նախագծի հիման վրա պարտադիր է լինելու վերը նշված հաստատություններում տեսանելի տեղում տեղադրել Վրաստանի օրհներգի տեքստը։
Օրինագծի մասին զեկուցող, «Վրացական երազանքի» անդամ Կախա Կախիշվիլիի խոսքով՝ փոփոխությունների նպատակը մանկապարտեզային տարիքից հայրենասիրության խթանումն է։
«Մենք գիտենք, որ ըստ օրենքի՝ պետական կառույցները պարտավոր են բարձրացնել Վրաստանի պետական դրոշը, բայց միևնույն ժամանակ կարծում ենք, որ մեր երկրում ավելի հայրենասեր լինելու համար պետք է մանկուց սկսել պետական խորհրդանիշների քարոզչությունը»,- ասե է Կախիշվիլին։
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա ավելի ուշ, սակայն խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կընդունի այն, քանի որ օրինագծին կողմ է նաև ընդդիմությունը։