Մայիսի 1-ից Վրաստանի ավիաշուկայում կսկսի գործել գերմանական Condor Airlines նոր ավիաընկերությունը։ Վրաստանի օդանավակայանների միությունը հաջողությամբ ավարտել է գերմանական ավիաընկերության հետ բանակցությունների եզրափակիչ փուլը, այս մասին հայտնում է Վրաստանի օդանավակայանների միությունը։
Condor Airlines-ը շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ երթուղով։ Տոմսերն այժմ կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում։
Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն նշել է, որ Condor-ի մուտքը վրացական ավիաշուկա հատկապես կարևոր է անդրատլանտյան տարանցիկ չվերթների համար։
Նշենք, որ Condor Airlines-ը հիմնադրվել է 1955 թվականին։ Նրա հիմնական բազան գտնվում է Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ 2021 թվականի հուլիսի դրությամբ ավիաընկերությանը պատկանում է 50 Boeing և Airbus ինքնաթիռ։ Condor-ը թռիչքներ է իրականացնում դեպի Միջերկրական ծովի երկրներ, Ասիա, Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա։