Երեկ երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի արդյունքում վնասվել է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի դպրոցն ու մի քանի տուն։ Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Մառնեուլիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Արսեն Հախվերդյանը։
Հախվերդյանի խոսքով՝ այս պահին Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոի Դեկանոիձեի գլխավորությամբ մի շարք պաշտոնյաներ արդեն գյուղում են և տեղում ծանոթանում են երկրաշարժի հետևանքերին։
Ինչպես պատգամավորն է «Ալիք մեդիային» ասում, հնարավոր է, որ Աղքյորփի գյուղի դպրոցը նորովի կառուցվի, քանի որ վնասները մեծ են:
Հախվերդյանի փոխանցմամբ, գյուղում վնասվել է նաև մոտավորապես 7-8 տուն, որոնց սեփականատերերը վնասի չափը պարզելուց հետո պետության կողմից կստանան փոխհատուցում։
Աղքյորփի գյուղի բնակիչ Մելսիկ Վարդումյանը, ում տունը ևս վնասվել է՝ «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ արդեն պատկան մարմինների ներկայացուցիչները ծանոթացել են կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի վնասներին։
«Եկել են, նկարել են տունը, հարցրել են մեր որպիսությունից և վստահեցրել, որ անպայման փոխհատուցում կստանանք»,- ասում է Վարդումյանը։
Նրա խոսքով՝ վնասվել են տան երկու սենյակները, որտեղ առաջացած ճաքերը մոտ 10 սմ լայնության են.
«Այս պահին տանն ենք բնակվում», — ասում է Վարդումյանը՝ հավելելով, որ մասնագետներն ասել են, որ եթե երկրաշարժը 5 վայրկյան երկար տևեր՝ հնարավոր է ամբողջ պատերը փլուզվեին։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին, Թբիլիսիի ժամանակով 22:25 -ին Սամեբայի մոտակայքում երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ։
Կարդացեք նաև՝