Վրաստանում սոցիալապես անապահով 600 հազար քաղաքացիներից ավելի քան 200 հազարն աշխատունակ են: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետը հավելել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին կառաջարկվի այնպիսի աշխատանք, որի դիմաց վերջիններս ամսական 300 և ավել լարի աշխատավարձ կստանան։
Ղարիբաշվիլին հավելել է, որ նշված աշխատանքը չի հանգեցնի սոցիալական աջակցության դադարեցման, և որ սոցիալական աջակցություն ստացող ընտանիքը առաջիկա 4 տարիներին կշարունակի ստանալ և սոցիալական նպաստը, և 300 լարիի չափով աշխատավարձը։
«Շահառուն կշարունակի նպաստ ստանալ, անգամ, եթե չհամաձայնի առաջարկներից որևէ մեկին, բայց մեկ տարի անց ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը կվերստուգվի, ինչը, կարծում եմ, արդարացի է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ առաջին փուլում քաղաքապետարանները, ինչպես նաև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը մոբիլիզացնելու են մինչև 50 հազար թափուր աշխատատեղեր: Որոշ դեպքերում էլ թափուր աշխատատեղերի թիվը կարող է հասնել անգամ մինչև 100 հազարի։
Նշենք, որ աշխատանքի տեղավորման ծրագիրը մեկնարկելու է մարտի 1-ից։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության մասին վարչապետ Ղարիբաշվիլին խոսել էր Վրաստանի կառավարության 2021 թվականի նոյեմբերի 22-ի նիստում։