Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձել է «Ռուսաթվի 2» հեռուստաընկերությանը վերաբերող հարցին։ Նա հայտարարել է, որ Վրաստանի համար ազատ ԶԼՄ-ների առկայությունը կարևոր է ԵՄ չափանիշներին մոտենալու տեսանկյունից:
«Իհարկե, մենք տեղյակ ենք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հարցով ընթացող դատական գործընթացի մասին: Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն թափանցիկ կլինի: Անկախ այն բանից, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի, կառավարությունը չի միջամտի հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը: Այստեղ (Բրյուսելում-հեղ․) է գտնվում հանրային հեռարձակաման ներկայացուցիչը, ով իշանությունների քննադատներից է: Դա մեզ համար խիստ կարևոր է»,-ասել է Վրաստանի վարչապետը՝ հավաստիացնելով, որ երկրում լրատվական դաշտը անհամեմատ ավելի ազատ կլինի:
Տեղեկացնենք, որ Կվիրիկաշվիլիին «Ռուսթավի 2»-ի վերաբերյալ հարց է ուղղվել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի հետ հանդիպումից հետո, երբ կողմերը հանդես են եկել համատեղ ասուլիսով։
Ի դեպ, «Ռուսթավի 2»-ի գործը օրեր առաջ տեղ է գտել ԵՄ-ի հաշվետվությունում, եվրապատգամավորները վիզային ռեժիմի չեղարկման գործընթացի հետաձգումը նույնիսկ կապել են հենց վերոնշյալ աղմուկ բարձրացրած հարցի հետ։