Ծովի վրա փռվող մայրամուտ, կանաչ դաշտեր, հյութեղ մրգեր ու գունագեղ այլ պատկերներն են 16-ամյա դամիացի Լուսինեի վրձնի վառ ստեղծագործությունները։ Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Խաչատուրյանը նկարել սիրում է փոքրուց, նախ սկսել է նկարել մատիտներով, 11-12 տարեկանից՝ յուղամատիտներով:
«Հետո սկսեցի գունավոր գուաշներով նկարել, ակվարելով աշխատել, սկզբում նկարում էի սովորական թղթի վրա, բայց մի օր մտածեցի, որ պետք է նկարեմ կտավի վրա, բայց քանի որ կտավ չկար՝ ինքս ստեղծեցի կտավ և աստիճանանաբար բարելավեցի նկարչական ունակություններս», — անկեղծանում է Լուսինեն:
Արդեն 2021-ին աղջնակը «Հայաստանս» հեղինակային նկարով մասնակցել է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» համահայկական մանկապատանեկական նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնին «Գեղանկարչություն» անվանակարգում և ստացել հավաստագիր, ինչպես նաև նրա նկարը ցուցադրվել է առցանց ցուցահանդեսում:
Տանը Լուսինեն իր համար գողտրիկ անկյուն է ստեղծել, որտեղ էլ զբաղվում է նկարչությամբ։ Սեղանի մի անկյունում վրձինները, մատիտներն են, մի անկյունում՝ գունապնակը։ Իսկ պատերին վրձնի ու գունապնակի ամենավառ ու խոր գույներով ստացած տարատեսակ նկարները, որոնք կարծես լրացնում են մեկը մյուսին՝ նկարագրելով աղջնակի հոգու ամենավառ անկյունները։
Լուսինեի խոսքով՝ նկարչութունն իր համար հանգստություն է, երբ նկարում է հանգստանում է, կտրվում աշխարհից և գնում դեպի իր գունավոր աշխարհ.
«Չեմ սիրում, երբ նկարելու ընթացքում ինչ-որ մեկը կողքից նայում է: Սիրում եմ, երբ միայնակ եմ, հաճախ երաժշտություն եմ լսում և միաժամանակ նկարում»:
Այն գողտրիկ անկյունը, որտեղ Լուսինեն իր գունավոր մտքերը կտավին է հանձնում, մեծ ու ընդարձակ սենյակ է, որի պատերի զգալի մասին աղջնակի ստեղծագործություններն են կախված։ Սենյակ ոտք դնելուն պես՝ ասես կտրվում ես իրականությունից ու տեղափոխվում մեկ այլ՝ Լուսինեի գույների աշխարհ։
Լուսինեն նկարչական ուղղություններից սիրում է գեղանկարչությունը, հիմնականում նկարում է բնանկարներ, իսկ չսիրած ուղղություններից է՝ խճանկարը:
Դեռահաս նկարչուհին նաև անկեղծորեն պատմում է, որ երբ դժվարանում է՝ իրեն օգնում է քույրը: Քրոջը պատմում է մտքին եկած գաղափարները և նրա օգնությամբ ընդհանրացնում ու սկսում ստեղծագործել:
«Ցանկացած պահի կարող է գանկություն առաջանալ, որ նստեմ և նկարեմ, բայց հաճախ չի ստացվում», — ասում է Լուսինեն՝ հավելելով, որ հաճախ դասերի պատճառով չի ստացվում:
Նկարների մի մասը Լուսինեն խնամքով պահում է սենյակի դարակում կամ արկղերի մեջ։ Իսկ, երբ հյուրերից հարցնում են թե արդյո՞ք միայն պատերի կտավներն է նկարել՝ Լուսինեն համեստորեն ժպտալով դարակներից կամ արկղից հանում է խնամքով պահված կտավներն ու պատմում նրանց ստեղծագործելու վայրկյանների ու գաղափարի մասին։
Լուսինեն անկեղծորեն պատմում է, որ միշտ ցանկացել է իր նկարները ցուցահանդեսում ցուցադրել կամ գուցե վաճառել, բայց դեռես չի ստացվել.
«Եթե օրերից մի օր համագործակցության առաջարկ ստանամ՝ շատ կուրախանամ և կհամաձայնեմ»:
Խոսելով մասնագիտական կողմնորոշումների մասին` Լուսինեն ասում է, որ ցանկանում է նկարչուհի դառնալ, լինել հայտնի:
«Երազում եմ դառնալ հայտնի նկարչուհի, հուսով եմ կիրականացնեմ երազանքս», — ասում է Լուսինեն:
Լուսինեն նկարել փորձել է անգամ կոճղի վրա: Նրա խոսքով՝ հեշտ չի եղել, բայց արդյունքն իրեն գոհացրել է.
«Սիրում եմ ուժերս փորձել և, եթե չի ստացվում, նորից եմ փորձում, նկարչության մեջ անհնարին ոչինչ չկա: Ուղղակի պետք է վրձնին թողնել, որ նկարի այն ինչ զգում ես»:
Լուսինեն Դամիա գյուղի դպրոցում սովորում է գերազանց առաջադիմությամբ, մասնակցել է դպրոցի տարբեր առարկայական օլիմպիադաների և բավականին բարձր միավորներ ստացել: Դեռևս չի կողմնորոշվել, թե որտեղ է պատրաստվում շարունակել ուսումը, բայց մի բան հստակ գիտի՝ գնալու է երազանքի հետևից: