Մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները մտահոգված են Կախեթիի Ալավերդու միջնադարյան տաճարի մոտ հյուրանոցի կառուցմամբ։ Նրանք նամակ են ուղարկել Վրաստանի մշակույթի նախարարություն՝ պահանջելով հրապարակել նախագծի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։
«Վրաստանի բոլոր քաղաքացիների պարտականությունն է Ալավերդու Մայր տաճարը և Ալազանի հովիտը որպես մշակույթի և բնության հուշարձան՝ իրենց պատմական տեսքով պահպանել ապագա սերունդների համար»,- ասվում է Blue Shield Georgia ՀԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ալավերդին XI դարի առաջին քառորդում կառուցված վանական համալիր է։ Այն գտնվում է Ալազանի հովտում և համարվում է բնության հետ ներդաշնակ միաձուլման բացառիկ օրինակ։ 2007 թվականից այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։