Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ քաղաքի տրանսպորտային բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չի։
Ըստ քաղաքապետի՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Հարցին, թե ինչու է հետաձգվել գործընթացը, այն դեպքում, երբ ծրագիրը պետք է պատրաստ լիներ 2020 թվականի գարնանը, Թբիլիսիի քաղաքապետը պատասխանել է, որ համավարակի պատճառով որոշակի ուշացումներ են եղել։
«Ծրագիրը կլինի մոտ ապագայում, և մենք շնորհանդես կանենք»,- ասել է Կալաձեն։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների ծրագրի վրա սկսել է աշխատել 2019 թվականին՝ Ասիական զարգացման բանկի և դանիական Rambol ընկերության հետ համատեղ։
Ինչպես Թբիլիսիի այն ժամանակվա փոխքաղաքապետ Մայա Բիտաձեն է պարզաբանել, փաստաթուղթը պետք է ներկայացներ 15-ամյա զարգացման հեռանկարի տարբեր սցենարներ և բացահայտեր քաղաքի հիմնական ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք պետք է իրականացվեին հաջորդ 15 տարիներին։
«Օրինակ, դա կարող է լինել ճանապարհ, կամուրջ, վերգետնյա մետրո կամ, ընդհանրապես, մետրոյի նոր գիծ, ինչպես նաև ճոպանուղու նոր գիծ»,- ասել էր Բիտաձեն։