Վրաստանի Պն-ն մեկնարկում է պայմանագրային զինծառայողների հավաքագրումը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է 18-ից 36 տարեկան Վրաստանի քաղաքացիների հավաքագրումը պայմանագրային մասնագիտական զինծառայության համար։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գրանցումը հնարավոր է ինչպես առցանց, այնպես էլ թեժ գծի միջոցով: ՊՆ-ից պարզաբանում են, որ հաշվառումից հետո անձինք 8-շաբաթյա զինվորական պատրաստություն կանցնեն, որի ընթացքում կստանան 500 լարի (170 դոլար) աշխատավարձ, այնուհետև չորս տարով կզորակոչվեն ծառայության և կբարձրացվեն նրանց աշխատավարձերը։

Այսօր կայացած ճեպազրույցում գեներալ Ջոնի Տատունաշվիլին հայտարարել է, որ զինվորական  պատրաստությունից հետո պայմանագրային զինվորական ծառայության չորս տարիների ընթացքում զինծառայողները կկարողանան ինչպես մասնագիտական, այնպես էլ օտար լեզուների դասընթացներ անցնել Վրաստանում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Տատունաշվիլին նշել է, որ եթե զինվորականներն իրենց առաջին քառամյա պայմանագիրն ավարտելուց հետո շարունակեն ծառայությունը, ապա յուրաքանչյուր պայմանագրի ավարտից հետո կստանան 7000 լարի (2390 դոլար) հավելավճար, որը գեներալի խոսքերով նախատեսվում է ավելացնել այս տարի։