Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական դատավարությունը։ Դատավարության ժամանակ աղմուկ է բարձրացել, Սաակաշվիլին էլ ասել է, թե կլքի դահլիճը։
«Ինձ մեղադրում են պետական միջոցների յուրացման մեջ»,- ասել է Սաակաշվիլին՝ ցուցադրելով լուսանկարներ, որոնցում ըստ նրա, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիայի ու գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին պատկանող տներն են։
Ըստ Սաակաշվիլիի՝ նրանք են կոռումպացվածը, իսկ ինքն այդպիսի տներ չունի։ Նախկին նախագահի խոսքով՝ իր շուրջ տեղի ունեցողը աներկբայորեն Վրաստանի պատմության մեջ ամենախայտառակ քաղաքական գործընթացն է։
Միխեիլ Սաակաշվիլիի երկարաշունչ հայտարարությունից հետո դատավորը նշել է, որ «դատարանի դահլիճում ոչ թե որևէ մեկի տատիկի, այլ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունն է ընթանում»։
Սաակաշվիլին այսօրվա նիստին ներկայացել է Ուկրաինայի ազգային դրոշի գույներով շապիկով, ձեռքին ուկրաինական դրոշ, որը, նրա խոսքով, ուղարկել են ուկրաինացի օրենսդիրները։
Դատական նիստի ընթացքում Սաակաշվիլին երգել է Ուկրաինայի օրհներգը՝ ի աջակցություն Ուկրաինայի, իսկ դահլիճում զուգընթաց հնչել է օրհներգի ձայնագրությունը։
Վրաստանի երրորդ նախագահը հերթական անգամ մեղադրել է ներկա կառավարությանը ռուսական շահերը պաշտպանելու մեջ՝ ասելով, որ Ուկրաինայում ձախողելուց հետո Պուտինի ծրագիրն է Շիդա Քարթլին միացնել «ռուսական տարածքին»։
Դատարանի դահլիճից դիմելով իշխող ուժի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, նա նշել է. «Շատ սխալ ես արել, եղբայր։ Պուտինն ավարտում է իր գործն Ուկրաինայում»:
Սաակաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում և կարծում է, որ դատավարությունը ձևական է, և իր դատավճիռը նախապես որոշել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Որպես վկա հարցաքննվել է պետական պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն, ում Միխեիլ Սաակաշվիլին ստախոս է անվանել։
«Ես շատ եմ ցավում, որ վրացի սպաների՝ Գիորգի Անցուխելիձեի և Արչիլ Տատունաշվիլիի փոխարեն, սրանք վրացի սպաներ են կոչվում, սրանք էժան ստրուկներ են», — դատարանը լքելուց առաջ ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջադրված մեղադրանքը ձևակերպված է հետևյալ կերպ՝ պաշտոնեական դիրքի միջոցով կատարված խոշոր չափի գումարի հափշտակություն։ Ըստ դատախազության՝ գործը վերաբերում է պետական պահպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացմանը։ Հետաքննության տվյալներով՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախագահի պահուստային ֆոնդից գաղտնի միջոցներ է հատկացրել իր անմիջական հսկողության տակ գտնվող հիշյալ ծառայությանը։
Դատախազության տվյալներով՝ 2009 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 25-ը Միխեիլ Սաակաշվիլիի հանձնարարությամբ և կազմակերպմամբ, նրա անձնական նպատակների համար պետական բյուջեին պատկանող 9 024 367 լարի է ծախսվել։ Եթե հանցանքն ապացուցվի, ապա Սաակաշվիլիին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայումս Ուկրաինայի քաղաքացի է, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում։