Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տաքսիների բարեփոխման հաջորդ փուլը նախատեսվում է սկսել ամռանը։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն։
Քաղաքապետարանից հայտնում են, որ խորհրդակցություններ են ընթանում տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների հետ։
«Ներքին աշխատանքներն ու ծառայություններ մատուցողների հետ խորհրդակցությունները դեռ ընթացքի մեջ են։ Բարեփոխման երրորդ փուլը կսկսենք ամռանը։ Այս մասին քաղաքապետը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Խմալաձեն։
Նշենք, որ տաքսիների բարեփոխման երրորդ փուլի համար քաղաքապետարանը հայտարարել է, թե փոփոխությունից հետո տաքսի ծառայության որակը կբարելավվի, շուկան կամրապնդվի։
Հիշեցնենք՝ տաքսիների բարեփոխումը Թբիլիսիում սկսվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից, երբ արգելվել են առանց լիցենզիայի տաքսի ծառայությունները։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից բարեփոխումների հաջորդ փուլը տաքսիների գույնին էր վերաբերում, ըստ որի՝ Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի պետք է լինեին։