Փետրվարի 4-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 272 371-ի: Մեկ օրում արձանագրվել է 22 263 նոր դեպք: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 15 575 պացիենտ:
Վրաստանը կորոնավիրուսի 6-րդ ալիքի հաղթահարման շրջանում է: Չնայած դեպքերի աճին՝ պատվաստման ցուցանիշը դեռ ցածր է։ Փետրվարի 4-ի տվյալներով պատվաստման մեկնարկից ի վեր իրականացվել է 2 մլն 742 հազար 134 պատվաստում։ Առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1 մլն 338 հազար 668 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,6%-ը։ Երկու (ամբողջական) դեղաչափով պատվաստվել է 1 մլն 225 հազար 278 քաղաքացի կամ չափահաս բնակչության 42,6%-ը։
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացել է 15 141 մարդ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) զեկույց է հրապարակել երկրում 2020-2021 թվականներին վիրուսի տարածվածության վերաբերյալ: Զեկույցում ներկայացված են նաև մահացածների տարիքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։ Մահացածների 96%-ը 50 տարեկանից բարձր քաղաքացիներ են, 86%-ը 60 տարեկանից, 61%-ը 70 տարեկանից բարձր։
NCDC-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2021 թվականի ընթացքում Վրաստանը որպես նվիրատվություն ստացել է 1 271 000 դեղաչափ պատվաստանյութ՝ Pfizer, Astrazeneca, Sinopharm և Sinovac։
Փետրվարի 4-ին Bloomberg համակարգում առևտուրը սկսվել է լարիի փոխարժեքի ամրապնդմամբ։ Փոխարժեքը մեկնարկել է 2,9949 լարիով և վերջին մի քանի ժամվա ընթացքում ամրապնդվել է 2,5 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարը համակարգում ներկայում վաճառվում է 2,9700 լարիով։
Երեկ՝ Wissol Group-ի գլխավոր տնօրեն Վասիլ Խորավան հայտարարել է, որ հունվարին նավթամթերքի միջազգային գների աճի ֆոնին Վրաստանում գործող ընկերությունները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է վառելիքի գները բարձրացնեն 20-25 թեթրիով։ Ըստ Խորավայի՝ 2022 թվականի հունվարի առաջին օրերից նավթի միջազգային շուկաներում գները կտրուկ աճել են։
Փետրվարի 3-ին կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ կոմունալ ծառայությունների սակագների աճով պայմանավորված Վրաստանի բնակչության ամենակարիքավոր խմբի համար էլեկտրաէներգիայի և ջրի վճարների մի մասը բյուջեից կսուբսիդավորվի։ Փոխհատուցման ծրագրից կօգտվեն ինչպես Թբիլիսիի, այնպես էլ շրջանների բնակչությունը։
Վրացական վերածննդի գրականության լավագույն նմուշներից մեկը՝ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» լույս է տեսել Բանգլադեշում՝ բենգալերեն լեզվով։ Հնդկաստանում Վրաստանի դեսպանատան հաղորդմամբ՝ գիրքը բենգալերենով լույս է տեսել այս տարվա հունվարին, իսկ դրա պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մոտ ժամանակներս Բանգլադեշի մայրաքաղաքում։
«Անցյալ տարի Վրաստան կատարած այցի օրակարգում էր Գյանջայի (Գանձակի) դարպասը Ադրբեջանին վերադարձնելու հարցը», — հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։ Ըստ Քերիմովի՝ այցի ընթացքում այդ հարցը քննարկել են պետական համապատասխան կառույցների հետ։ Քերիմովի խոսքով, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջպետական հանձնաժողով։
Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում 100 մլն դոլարի օտարերկրյա ներդրում է նախատեսվում, որից Գարդաբանիի քաղաքապետարանի բյուջեն կշահի մոտ 13 մլն լարի։ Նշվում է, որ Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին հանդիպել է Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն Գիորգի Չիկովանիի և Ծրագրերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Նուգզար Խաինդրավայի հետ։
Երեկ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել ձմեռային օլիմպիական խաղերում երկիրը ներկայացնող մարզիկներին։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ այսօրվանից վրացի մարզիկներին աջակցում է ողջ Վրաստանը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ով փետրվարի 3-ին կարճատև տարանցիկ այցով գտնվում էր Թբիլիսիում, հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Լեհաստանի նախագահի առաջին իսկ խոսքից պարզ դարձավ, որ նրա կարճատև այցը կապված է Ուկրաինայի խնդրի հետ։ Շնորհակալություն հայտնելով վրաց գործընկերոջը հրավերի համար, Անջեյ Դուդուան նշել է, որ ուրախ է կիսել, որպես ԵՄ անդամ երկրի նախագահ, իրեն հայտնի տեղեկությունները։
Փետրվարի 4-ին Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները մեկնել են Ուկրաինա: Խմբակցության անդամ Թինա Բոկուչավան նշել է, որ «ընդդիմությունը պետք է ստանձնի իշխանության դերը Ուկրաինային աջակցելու հարցում»։ Նրա խոսքով, Կիևում կայանալիք հանդիպումներն ուղղված են լինելու Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների խորացմանը։
Վրաստանի խորհրդարանի պաշտոնական էջից էլ տեղեկացանք, որ Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ։ Նշվում է, որ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի և Հայաստանի դարավոր բարիդրացիական հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագա համագործակցությունն այս ոգով կշարունակվի։
Երեկ՝ Վրաստանի Խորհրդարանական մեծամասնության անդամները հանդիպել են ընդդիմադիր պատգամավորների հետ՝ արդարադատության համակարգի բարեփոխումների հարցով։ «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հանդիպումից հետո հայտնել է, որ մեկամսյա ժամկետում կներկայացվի դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ գնահատման և վերլուծական փաստաթուղթ։
Պետական գերատեսչությունները 2020 թվականին պայմանագրային (ոչ գրանցված) աշխատանքի վրա ծախսել են 307,2 միլիոն լարի։ Այս մասին նշված է պետական աուդիտի գրասենյակի բյուջետային մոնիտորինգի կայքում հրապարակված տվյալներում։ Նույն տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականին ծախսը կազմել է 255,4 լարի։ Տվյալները ցույց են տալիս, որ 2020-ին ամենաշատ ծախսերը կատարել են առողջապահության, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։