Կոմունալ ծառայությունների սակագների աճով պայմանավորված Վրաստանի բնակչության ամենակարիքավոր խմբի համար էլեկտրաէներգիայի և ջրի վճարների մի մասը բյուջեից կսուբսիդավորվի։ Փոխհատուցման ծրագրից կօգտվեն ինչպես Թբիլիսիի, այնպես էլ շրջանների բնակչությունը։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է փետրվարի 3-ին։
Էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից կօգտվեն.
- 70 000 և ցածր սոցիալական միավոր ունեցող շրջանների անապահով ընտանիքները (բացի Թբիլիսիից) կվճարեն 2015 թվականի սակագինը, ինչը նշանակում է, որ «Էներգո Պրո-Ջորջիայի» սոցիալապես անապահով բաժանորդները մինչև 100 կՎտժ էներգիայի սպառման համար կվճարեն 8,97 թեթրի (17 թեթրիի փոխարեն), 101-ից մինչև 300 կՎտ/ժ՝ 12,98 թեթրի (21,71 թեթրիի փոխարեն), 301 կՎտ/ժ-ից բարձր՝ 17,5 թեթրի (26,23 թեթրիի փոխարեն)։
- Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց սոցիալական միավորը չի գերազանցում 70 հազարը, քաղաքապետարանից կստանան փոխհատուցում առավելագույնը 106 լարիի չափով, իսկ 70 հազարից 200 հազար սոցիալական միավոր ունեցող ընտանիքները՝ ոչ ավելի, քան 20 լարի։
- Ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում՝ 70 հազար սոցիալական միավորից մինչև 150 հազար միավոր ունեցող ընտանիքները, որոնք կօգտագործեն ոչ ավելի, քան 200 կՎտժ էլեկտրաէներգիա՝ կվճարեն 2020 թվականին գործող սակագինը կամ 3,5 թեթրիով պակաս։ Մինչև 100 կՎտժ օգտագործողները Թբիլիսիում կվճարեն 14,54 թեթրի, շրջաններում՝ 14,24 թեթրի, 101-ից մինչև 201 կՎտժ՝ Թբիլիսիում կվճարեն 18,56 թեթրի, շրջաններում՝ 18,21 թեթրի։
Ջրի սուբսիդավորումից կօգտվեն.
Թբիլիսիում, Ռուսթավիում և Մցխեթայում 70 հազար և պակաս սոցիալական միավոր ունեցող անապահով ընտանիքների համար ջրի վճարը կսուբսիդավորվի ամսական 100 լարիի չափով։
2022 թվականի հունվարի 1-ից ի վեր բնակչության ավելի քան 95 տոկոսի մոտ էլեկտրաէներգիայի վարձերը բարձրացել են։ Բնակչությունը սպառած 100 կՎտժ-ի դիմաց ստիպված է եղել վճարել 3,5 լարի ավել։
Նշենք, որ կոմունալ վճարները Վրաստանում թանկացել են 2021 թվականի հունվարի 1-ից։