«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում ծնողների աչքի առջև 15 երեխայի են գնդակահարել: Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ դա տեղի է ունեցել խաղաղ բնակիչների կողմից՝ քաղաքը լքելու փորձի ժամանակ: Մոսուլում հակաահաբեկչական գործողություն է սկսվել Իրաքի զինուժի, քուրդ գրոհայինների և ԱՄՆ-ի օդուժի կողմից, սակայն դեռևս չի հաջողվում քաղաքը վերջնականապես ազատագրել ահաբեկիչներից: Ավելի վաղ իրաքցի եւ քուրդ պաշտոնյաները հայտարարել էին, թե քաղաքի ամբողջական ազատագրման համար գուցե ամիսներ պահանջվեն:
Հիշեցնենք՝ Մոսուլի ազատագրումը սկսվել է այս տարվա հոկտեմբերի 17-ին: Իրաքի երկրորդ ամենախոշոր քաղաքը գրեթե առանց դիմադրության ծայրահեղականներին էր հանձնվել 2014 թվականի հունիսին: Գրոհայինները Մոսուլն Իրաքում իրենց մայրաքաղաքն են համարում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սկսել են լքել Մոսուլը, խմբավորման մի շարք պարագլուխներ էլ ուղեւորվել են Սիրիա: