Վրաստանում վառելիքը կթանկանա նաև ոչ բրենդային կայաններում՝ թանկացումը կկազմի 10 թեթրի։ Այս մասին հայտարարել է «Բիօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսուդան Ռամազաշվիլին։
Ըստ Ռամազաշվիլիի՝ ընկերության գազալցակայաններում, ի տարբերություն բրենդայինների, արդեն իսկ ցածր գներ են, և վառելիքի սովորական մակնիշն արժե 2 լարի 75 թեթրի, թեև հաշվի առնելով միջազգային գները՝ գնի հետագա բարձրացումն անխուսափելի է։
«Մեր դեպքում վառելիքի գնի վրա ազդում են միջազգային գներն ու լարիի փոխարժեքը, լարին այս փուլում ամրապնդվում է։ Ուստի վառելիքի գինը նվազեցնելու համար իրավիճակը կարող է փոխել միայն ակցիզային դրույքաչափը»,- ասել է Ռուսուդան Ռամազաշվիլին։
Նշենք, որ նավթի միջազգային գները վերջին մի քանի տարիների առավելագույն մակարդակում են։ Sanford C. Bernstein & Co-ի հետազոտողները այս տարի նավթի գների կտրուկ աճ են կանխատեսում։