Վրաստանում չեղարկվել է «կանաչ անձնագիր» ունենալու պարտավորությունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ փետրվարի 1-ին կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի հաղորդմամբ՝ որոշումը պայմանավորված է նաև «օմիկրոնի» արագ տարածման և վիրուսի թույլ ընթացքի, ինչպես նաև համաշխարհային պրակտիկայով։
«Արտասահման մեկնելու դեպքում դեռևս պետք կգա «կանաչ անձնագիր»,- ասել Ղիբրաձեն։
Ըստ Ղիբրաձեի, սակայն, չնայած վարակակիրների աճող թվին, իրավիճակը լիովին կառավարելի է, հիվանդանոցային հատվածի վրա ճնշումն էապես չի ավելանում, հիվանդների մեծամասնությունը բուժվում են տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկվում է ընտանեկան բժիշկների կողմից։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, քանի որ երեկ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել։