Վրաստանում պատվաստումների դրամական խրախուսման ծրագրի շրջանակում մեկ շաբաթվա ընթացքում 50 և ավել տարիքի 19 985 քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ խթանիչ (booster) դեղաչափով: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից։
Հունվարի 25-ից մեկնարկել է խթանող չափաբաժնի խրախուսական ծրագիրը, որի շրջանակներում 100 լարի (մոտ 32 ԱՄՆ դոլար) է տրվում 50 և բարձր տարիքի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանող դեղաչափը։
Ինչ վերաբերում է 200 լարիի (մոտ 64 ԱՄՆ դոլար) միանվագ խրախուսմանը, որը վերաբերում է պատվաստանյութի առաջին չափաբաժնով պատվաստված 50 և ավելի տարեկան քաղաքացիներին, ապա 2021 թվականի դեկտեմբերի 21-ից առ այսօր 129 811 քաղաքացի արդեն ստացել է գումարը, խրախուսման նպատակով ընդհանուր փոխանցվել է 25 962 200 լարի։