Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովն ասում է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս մասին քաղաքական գործիչը հանրությանը տեղեկացրել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից՝ Facebook Live-ի միջոցով։
Ըստ Գուդկովի՝ ինքը հանդիպումներ էր ծրագրում Վրաստանի մայրաքաղաքում։
«Ես Թբիլիսի եմ ժամանել Կիևից՝ հանդիպելու ակտիվիստների հետ։ Ես հրավեր ունեմ։ Սահմանին ինձ ասացին, որ հետ կարտաքսեմ՝ Կիև։ Պետությունը որոշել է ինձ երկիր չթողնել, թեև ես ծրագրել էի բազմաթիվ հանդիպումներ»,- ասել է Գուդկովը։
Գուդկովը հայտնել է, որ վճարել էր և՛ հյուրանոցի, և՛ երկկողմանի տոմսի գումարը։
«Սա առաջին դեպքը չէ։ Որքան գիտեմ, Լյուբով Սոբոլին նույնպես արտաքսել են։ Վրաստանում տարօրինակ բաներ են տեղի ունենում»,- ասել է Գուդկովը։
Վրաստանի Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարություններից դեռևս արձագանք չկա։