Վրաստանի տնտեսությունը տարածաշրջանում միակն է, որն ըստ պաշտոնական տվյալների՝ 2021 թվականին գրանցել է երկնիշ տնտեսական աճ։ Տնտեսական աճի պատճառները թերևս տարբեր են։ Հաճախ դրանք պայմանավորված են թե՛ համավարակի պատճառներով գործող սահմանափակումներով, թե՛ երկրում տիրող բարձր գնաճով, թե՛ տարածաշրջանում տիրող լարված իրավիճակներով՝ ինչը հանգեցրել է ներդրումային դաշտի գրավչության նվազմանը։ Չնայած երկնիշ տնտեսական աճին, այդուհանդերձ 2021 թվակաին Վրաստանում երկնիշ էր նաև գնաճը։
Վրաստանի տնտեսությունը զարգացող, ազատ շուկա է։ Տնտեսության ՀՆԱ-ն կտրուկ անկում ապրեց ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով, սակայն վերականգնվեց 2000-ականների կեսերին՝ վարդերի հեղափոխության արդյունքում կատարված տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շնորհիվ։ Վրաստանը շարունակեց իր տնտեսական առաջընթացը՝ 2014 թվականին վերածվելով հարաբերականորեն լավ աշխատող շուկայական տնտեսության:
Համաշխարհային բանկը 2007 թվականին Վրաստանին անվանեց աշխարհի թիվ մեկ տնտեսական բարեփոխիչը, իսկ հիմա իր հաստատուն տեղն ունի բիզնեսում`գործառույթների ակտիվության տեսանկյունից աշխարհի առաջատար երկրների ինդեքսներում։
2021-ի դեկտեմբերի 6-ին Ղարիբաշվիլին հայտարարեց, թե մինչև 2022 թվականը Վրաստանի պետական պարտքը կնվազի ՀՆԱ-ի մինչև 51,1 տոկոս։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2021-ին Վրաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել, որն էլ երկնիշ տնտեսական աճի առիթ պետք է ստեղծեր:
2021 թվականի դեկտեմբերի 7-ին էլ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվլին հայտնեց, թե Վրաստանի կառավարությունը մինչև տարեվերջ կանխատեսում է 10% տնտեսական աճ, իսկ 2022-ին՝ 6%։
«Հոկտեմբերին Վրաստանի տնտեսությունն աճել է 6,9%-ով, իսկ ընդհանուր առմամբ 10 ամիսների ընթացքում աճը կազմել է 10,5%։ Ըստ այդմ, այս տարվա տնտեսական աճը 9,5%-ից հասել է 10%-ի։ Բավականին բարձր աճ է սպասվում նաև գալիք տարի՝ 6%։ Իսկ 2022-25 թվականներին միջին տնտեսական աճը կլինի բավականին բարձր՝ 5,5 տոկոսի սահմաններում»,- հայտնել է Խուցիշվիլին։
Չնայած տնտեսական աճի կանխատեսումներին ու դրա մասին բարձր մակարդակներում հնչող հայտարարություններին՝ դեռ մարտին Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը կազմել է 4,2 տոկոս, տարեկանը` 7,2%: Ըստ որի՝ 2021 թվականի մարտին Վրաստանում 4,2% գնաճ է եղել:
2021 թվականի ապրիլի առաջին տասնօրյակում վրացական շուկայում բենզինն ու ձեթը համարվեցին «թանկ ռեկորդակիրներ», իսկ երկրում գնաճը շարունակվում էր: Վառելիքի որոշ տեսակների մեկ լիտրի գինն անցնում էր 3 լարիից (մոտ 1 դոլար): Թանկացման տեմպերով հետ չէր մնում նաև բուսական յուղը, որը 2021 թվականի ապրիլ- մարտ ամիսներին նկատելիորեն թանկացել էր` որոշ տեսակների դեպքում` լիտրի համար ավելի քան 100 տոկոսով:
Արդեն 2021-ի հուլիսին ալյուրի սուբսիդավորման դադարեցումից հետո՝ հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտարարեց, որ տեղական շուկայում հացի գինն աճել է 10 թեթրիով, և այս բարձրացված գնով հացը վաճառվելու էր մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները:
2021-ի հոկտեմբերին Վրաստանում գործարանային հացը կրկին թանկացավ 10 թեթրիով: Վրաստանի հացթուխների ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն թանկացումը կապեց հումքի գնի բարձրացման հետ:
2021 թվականի օգոստոսին Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս, ինչը վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Վերջին անգամ երկրում գնաճի ավելի բարձր մակարդակ գրանցվել է 2011 թվականի մայիսին:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով` 2021 թվականի հոկտեմբերին երկրում զգալի գնաճ է նկատվել մի քանի ենթախմբերում։
- մթերքների և ոչ ալկոհոլային խմիչքների գինը բարձրացել է 3․0 տոկոսով, ինչն իրենից ենթադրում է մեկ ամսվա ընթացքում 0․96 տոկոս գնաճ,
- բանջարեղեն (9,0 տոկոս),
- հաց և հացաբուլկեղեն (5,5 տոկոս),
- ձուկ (4,2 տոկոս),
- կաթ, պանիր և ձու (3,6 տոկոս),
- շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիքներ (1,2 տոկոս)։
2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո կառավարությունում ակտիվացան դեղերի գների կարգավորման մասին խոսակցությունները։ Հրապարակվել են նաև մրցակցային գործակալության երկարատև հետազոտության արդյունքները, ըստ որոնց, բնակչության համար դեղերի գները թանկ են, և դա էլ նպաստում է աղքատացման մակարդակի բարձրացմանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, քաղաքացիների դժգոհության ֆոնին, բազմիցս խոսել է դեղերի գների աճի և գնաճը կառավարելու մասին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին 2022-ի հունվարի 17-ին հայտարարել է, որ արդեն բացվել է թուրքական շուկան, որտեղից Վրաստան պետք է ներկրվեն որակյալ, բայց էժան դեղամիջոցներ։ Կառավարության նիստի ժամանակ Ղարիբաշվիլին հայտարարել է, թե այս որոշումը շատ արագ կնվազեցնի դեղերի գինը Վրաստանում։
Արդեն դեկտեմբերին հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 13,9 տոկոս։
Վրաստանը՝ Ադրբեջանի և Հայաստանի համեմատ ավելի բարձր գնաճ ունեցող երկիրն էր 2021 թվականին։ Ըստ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Սակայն, հատկանշական է, որ 2021-ին Ադրբեջանում տարեկան գնաճը կազմել է 10 տոկոս, Հայաստանում՝ 9,6 տոկոս, իսկ Վրաստանում՝ 12,5 տոկոս։
Չնայած այս համատարած թանկացումներին՝ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանը 2021 թվականին տնտեսական աճի տեմպերով հարևան երկրներից առաջատարներից մեկն էր։ Ըստ Geostat-ի՝ 2021 թվականի հունվար-նոյեմբերին երկրի տնտեսությունն աճել է միջինը 10,7 տոկոսով։
Դեռ սեպտեմբերին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, արձագանքելով Ասիական զարգացման բանկի հեղինակային զեկույցին, հայտնել էր.
«Ասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի Ասիայի զարգացման հեռանկարների զեկույցը, որը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացնում է 5 տոկոսային կետով: Մասնավորապես, եթե ապրիլին բանկը կանխատեսում էր 3.5% աճի մակարդակ, ապա այժմ վստահորեն կարելի է ասել, որ մինչև 2021 թվականի վերջը Վրաստանի տնտեսական աճը կկազմի 8.5%: Կարծում ենք, որ միանգամայն հնարավոր է հասնել երկնիշ աճի»:
Նոյեմբերին էլ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) երեք տոկոսային կետով բարելավել էր Վրաստանի 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը։ Միջազգային ֆինանսական ինստիտուտը 2021-ին Վրաստանում կանխատեսել էր 7,5 տոկոս տնտեսական աճ։
EBRD-ը Վրաստանում 2022 թվականի կանխատեսումը թողել էր անփոփոխ՝ ակնկալելով 5,5 տոկոս տնտեսական աճ։ Ֆինանսական հաստատությունը տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը 2021 թվականին ակնկալում էր Վրաստանում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականի հունվարի 10-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսության արագ վերականգնումը կառավարությանը թույլ է տվել էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը:
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Նպաստառու Անահիտ Խաչատրյանի ընտանիքը ամսական ընդամենը 150 լարի նպաստ է ստանում։
«Ստացած գումարը հազիվ բավականացնում է կոմունալ վճարներին և մի քանի բան գնելուն։ Մեկ լիտր տարողությամբ որակյալ ձեթի գինը տատանվում է 8-10 լարիի սահմաններում, էլ ինչպես կարող է 150 լարին մի ամբողջ ամիս բավականացնել»,- ասում է Անահիտ Խաչատրյանը։
Անահիտը նաև բողոքում է դեղերի գներից՝ նշելով, որ ունի առողջական խնդիրներ, մասնավորպես շաքարային դիաբետ, սակայն անգամ սրա համար հավելյալ վճար չի ստանում և շատ անգամ դեղերը քչացնում է՝ գումարի անբավարության պատճառով։
Ա.Ն-ի ընտանիքը, որ ոչ նպաստ է ստանում, և ոչ էլ աջակցություն պետական որևէ կառույցից՝ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է.
«Բոլորը բողոքում են հացի, ձեթի, յուղի, դեղերի և այլնի թանկացումից՝ անգամ ամսական որոշակի ֆիքսված գումար ստանալով հանդերձ։ Բա մենք ի՞նչ ասենք, ոչ մի եկամուտ չունենք, սեզոնային աշխատանքին պետք է աշխատենք, գումար խնայենք, որ կարողանանք մինչև գործերի բացվելը ծայրը ծայրին հասցնենք»։
Ըստ Ա.Ն-ի ձմռան միակ եկամուտն անասունների վաճառքից կամ գյուղատնտեսական ապրանքների վաճառքից ստացածն է, որը մի կերպ հերիքում է կոմունալներին, առաջին անհարժեշտության կենցաղային իրերի ու սննդի ձեռքբերմանը։
Forbes Georgia-այի գլխավոր խմբագիր, BMG-ի խմբագիր Գիորգի Իսակաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վարչապետ Ղարիբաշվիլիի նշած երկնիշ տնտեսական աճն իրական է.
«Երբ մենք համեմատում ենք 2021 թվականի տնտեսական աճը 2020 թվականի հաշվետու նույն ժամանակահատվածի տնտեսական աճին, այո՛, տնտեսական աճն իրականություն է»։
Ըստ Իսակաձեի՝ 2021 թվականի տնտեսական աճի պատճառներից է նաև այն, որ 2020 թվականին Վրաստանում տնտեսությունը փաստացի կանգ էր առել՝ կապված կորոնավիրուսի և դրա հետևանքով սահմանափակումների հետ։
«Վրաստանի տնտեսությունը 2020 թվականին ցույց տվեց լուրջ դեֆիցիտ այս սահմանափակումների ֆոնին և հատկապես տարեսկզբին տնտեսությունը կրճատվեց ավելի քան 2 տասնյակ տոկոսով։ Հետևաբար, տնտեսության երկնիշ արդյունքներն այս ֆոնին օրինական են, այն էլ այն հանգամանքից, որ վրացական տնտեսությունը դինամիկայով վերականգնման իսկապես լավ տեմպեր է ցույց տալիս» ,- ասում է Իսակաձեն։
Հարցին, թե արդյոք հնարավոր է տնտեսական աճի պատճառը նաև գների աճով պայմանավորել, Իսկաձեն բացատրում է.
«Տնտեսական աճը կարող է կապված լինել գնաճի կամ գների բարձրացմանը նպաստող գործոնների հետ: Մեր դեպքում, երբ դեռևս առկա է ներմուծումից կախվածության բարձր մակարդակ (չնայած արտահանման աճին) և ընդհանուր գնաճ, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, ապա դա անխուսափելի իրողություն է, հետևաբար ժամանակի ընթացքում համակցումը, արտաքին և ներքին գործոնները դա դարձնում են որոշակի տրամաբանական օրինաչափություն․ երկրորդն այն է, որ մենք համաձայն չենք այս հաստատված օրինաչափության հետ»։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի և Վրաստանի վրա թողած տնտեսական հետևանքների մասին՝ Իսակաձեն ասում է, որ հակամարտությունն այդքան կոնկրետ ազդեցություն չի ունեցել, սակայն, այս հակամարտությունը զգալիորեն մեծացրել է տարածաշրջանային ռիսկերը, և ներդրողները տեսել են Կովկասի այս տարածաշրջանում ներդրումներ կատարելու վտանգները։
Ըստ Իսակաձեի՝ առանց այդ էլ Հարավային Կովկասը ներդրողների աչքերում ռիսկային տարածաշրջան է։
Իսակաձեի կարծիքով տարածաշրջանում հակամարտության պատճառով ամենաշատը տուժել է հենց Հայաստանի տնտեսությանը։
«44-օրյա պատերազմի հետևանքները, տրամադրությունները, ներդրողների վստահությունը, ինչպես նաև հակամարտության հետևանքները, բնականաբար, նվազեցնում են Հայաստանի տնտեսության ցուցանիշները»,- ասում է Իսակաձեն՝ նշելով, որ այս երեք երկրներն էլ, ի տարբերություն տարածաշրջանային մյուս պետությունների, ամենաշատն են տուժել։
Իսակաձեն նաև ընգծում է, որ Հայաստանի տնտեսությունը նույնպես բավականին կայուն աճ է ցույց տվել, ինչը հաճելի անակնկալ էր, գնաճը զսպվել է, և քաղաքական գործընթացները (ընտրությունները) անցել են քաղաքակրթության և ժողովրդավարության բարձր մակարդակով, ինչը համեմատաբար հետ է բերել ներդրողների վստայությունը։
Խոսելով Վրաստանում գնաճի մասին՝ Իսակաձեն ասում է.
«Յուրաքանչյուր երկրում գների աճը տեղական, և գնալով ավելի գլոբալ իրադարձությունների արդյունք է»։
Իսակաձեն նշել է, որ չպետք է մոռանալ մի քանի գործոն.
- Սկզբում ամեն ինչ կանգ առավ, այնուհետև դանդաղ սկսեց վերականգնվել մատակարարման, լոգիստիկայի և այլ տնտեսական կապերի պահանջարկը։
- Երկրների մեծ մասը հսկայական սուբսիդիաներ է հատկացրել համաշխարհային տնտեսությանը սեփական տնտեսությունները փրկելու և բիզնեսի ճյուղերը սնանկությունից առանձնացնելու համար, դա գնաճի գործընթացի չհայտարարված մեկնարկ էր։
- Համաճարակը չի ավարտվել, և անորոշությունը շարունակվում է, ինչը նպաստում է, որ տնտեսությունում գործընթացները դեռևս անկանխատեսելի կլինեն։
Իսակաձակեն նաև ընգծում է, որ տարածաշրջանում ամենավատ իրավիճակը Թուրքիայի Հանրապետությունում է, որտեղ ինֆլացիան՝ այսինքն գների աճը կազմում է 40%։