«Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցությունը նախաձեռնել է Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձև՝ քաղաքական ուժերին կոչ անելով ստորագրել այն։
Խորհրդարանի շենքի մոտ սկսված ստորագրահավաքին միացել են քաղաքական գործիչներ ու քաղհասարակության ակտիվիստներ։
Ըստ «Ժամանակն է»» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիայի՝ ակցիան ցույց է տալիս, որ Վրաստանը, որտեղ իշխանությունն ակտիվ չէ, ակտիվ են քաղաքացիները։
Ստորագրահավաքին միացել են «Լելոն Վրաստանի համար», «Գիրչի-ավելի շատ ազատություն», «Հանրապետական» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ուժերը, «Ամոթ է» շարժումը և «Ժողովրդավարության պաշտպաններ» ՀԿ-ն։
Ուկրաինային աջակցող հայտարարությունում շեշտը դրված է Ռուսաստանից եկող սպառնալիքների վրա, այդ թվում և Վրաստանի դեմ։
Հայտարարության կարևոր կետերը՝
- Մենք հայտարարում ենք, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, վերջիններիս տարածքային ամբողջականության խախտումը, անջատված շրջանների զինումը, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է, որը խաթարում է անվտանգությունն ու կայունությունը ողջ եվրոպական մայրցամաքում։
- Համոզված ենք, որ Ուկրաինան և Վրաստանը՝ ելնելով իրենց ինքնիշխան կամքից և 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման հիման վրա, անպայման կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ: Ռուսական ագրեսիայի լույսի ներքո այս ընտրությունն այլընտրանք է։
- Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովումը կենսական նշանակություն ունի Վրաստանի ազգային անվտանգության համար, ինչպես նաև անհրաժեշտ նախապայման է եվրոպական մայրցամաքում կայուն խաղաղության ապահովման համար։
- Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր օկուպացիոն զորքերը Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից, որտեղ նրանք ապօրինաբար են տեղակայված։
Հայտարարության տեքստը մշակել է «Ժամանակն է» քաղաքական ուժը, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր չէ հաշվի առնել ընդդիմության առաջարկած ձևակերպումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի բանաձևի նախագծում։ Ընդդիմության կարծիքով՝ բանաձևի նախագծի ընդհանուր տեքստի շուրջ անհամաձայնության պատճառ է դարձել «Վրացական երազանքի» առաջարկած աշխատանքային տեքստի փոփոխությունը և Ռուսաստանի կողմից ագրեսիայի արձանագրման բացակայությունը։
Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով, խորհրդարանի կողմից ընդունվելիք բանաձևի տեքստը «զերծ է ցանկացած պոպուլիստական կամ սադրիչ հռետորաբանությունից»։