Հունվարի 28-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 127 234-ի: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 066 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 986 928 մարդ։
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարեց՝ համավարակի զարգացման դինամիկան վկայում է, որ պիկը Վրաստանի և աշխարհի համար դեռ առջևում է։ Ըստ Ցերցվաձեի՝ դեպքերի թվի կտրուկ աճ է սպասվում:
Համաճաբանական բարդ իրավիճակ է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում։ Հունվարի 28-ի տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում թեստավորված 1 169 քաղաքացիներից 607-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Սա համավարակի սկզբից մինչ այժմ գրանցված ամենաբարձր օրական ցուցանիշն է։ Դե ֆակտո տեղական իշխանությունները հայտնել են, որ Աբխազիայում ակտիվորեն շրջանառվում է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակը։
Ալերգոլոգ-իմունաբան Բիձինա Կուլումբեգովը հայտարարեց, թե երբ պետք է ստանալ կորոնավիրուսի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափը: Ըստ իմունոլոգի՝ բուստերը պետք է կատարվի կորոնավիրուսից բուժվելուց 30 օր հետո, իսկ վերջին պատվաստումից պետք է անցնի ավելի քան 90 օր։ Կուլումբերովը հավելել է, որ սրանք այն երկու կարևոր պայմաններն են, որոնք պետք է իմանալ խթանիչ դոզան կատարելուց առաջ։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) կայքէջը թարգմանվել է հայերեն լեզվով։ Մինչ այդ այն գործում էր պաշտոնական լեզվով, այսուհետ կայքն ամբողջությամբ հասանելի է նաև հայերեն, ադրբեջաներեն, օսերեն և աբխազերեն լեզուներով։
Հունվարի 28-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում շփման գծի երկայնքով ռուսական ուժերի ձեռնարկած գործողությունների հետ։ Նշվում է, որ շփման գծի երկայնքով ռուսական ուժերը անօրինական սահմանազատում են սկսել, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։
Երեկ Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում էր ունեցել Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, միջխորհրդարանական և առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Պարզ դարձավ նաև, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 18-20-ը կմասնակցի Մյունխենում կայանալիք անվտանգության համաժողովին։ Նշվում է, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու հրավերը Ղարիբաշվիլին ստացել է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերից։
Georgian Airways-ի կողմից երեկ՝ հունվարի 28-ին նախատեսված Թբիլիսիից Մոսկվա ուղիղ, մեկանգամյա չարտերային չվերթը չեղարկվեց։ Ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին խոսքով՝ չեղարկման պատճառը համաճարակաբանական բարդ իրավիճակն է և լրագրողների կողմից ստեղծված իրարանցումը։
«Վարակվածների թիվը կրկնապատկվել է, որի պատճառով էլ չեղարկվել է թռիչքը։ Այս չվերթի չեղարկման հարցում շատ մեծ դեր խաղաց նաև լրագրողների կողմից ստեղծված աժիոտաժը։ Նկատի ունեմ, որ չարտերային չվերթը տարբեր ուղղություններով է իրականացվում, ինչ կլիներ, եթե այս թռիչքն ավարտվեր Մոսկվայում»,- ասել է Գաիաշվիլին։
Հայտնի դարձավ նաև, որ Վրաստանի կառավարությունը հնարավոր է Myway Airlines ավիաընկերությանը զրկի կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից։ Քաղավիացիան ավիաընկերությանը լիցենզիայից զրկելու գործընթաց է սկսել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառով։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր կողմից նախաձեռնած ազգային համաձայնության գործընթացի վերաբերյալ ասուլիսում պատասխանել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներման միջոցով հանրային բևեռացմանը վերջ դնելու մասին հարցին, հատկապես, որ կան օրինակներ, երբ, չնայած քաղաքական համակրանքի բացակայությանը, Զուրաբիշվիլին մի քանի ներման ակտ է հրապարակել:
«Սահակաշվիլիի վերադարձը բևեռացման և գերբևեռացման քայլերից մեկն էր, և ես ոչինչ չեմ անի, որը այս երկիրը տանի բևեռացման»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին հանդիպմանը պատասխանել է նաև «Վրացական երազանքի» նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ իր նախաձեռնած ազգային կոնսենսուսի գործընթացում հնարավոր հանդիպման մասին հարցին։ Նախագահի խոսքով՝ Իվանիշվիլիի հետ հանդիպում չի կայացել։
«Ես առաջարկեցի «Վրացական երազանքի» նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին հանդիպել, բայց նա պատասխանեց, որ այլևս քաղաքականության մեջ չէ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտահայտած տեսակետներին.
«Ես կցանկանայի հիշեցնել պարոն Լավրովին նույնիսկ այստեղ, որ երբ մենք բանակցություններ էինք վարում, նա կարծիք հայտնեց, որ բոլոր երկրներն ունեն լիակատար ազատություն՝ ընտրելու իրենց դաշնակիցներին և դաշինքներին՝ ելնելով իրենց ինքնիշխանությունից»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հատկանշական է նաև, որ նախագահ Զուրաբիշվիլին խոսքը սկսել է Ուկրաինայի մասին խոսելով։
«Ես իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում, և ոչ միայն համերաշխությունը։ Ուզում եմ հույս հայտնել, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որը ժամանակին կիրառվել է Վրաստանի դեմ»,- ասել է նախագահը։