Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղի հայկական եկեղեցում Վրաստանի մշակույթի և զբոսաշրջության ռեսուրսների ուսումնասիրության կենտրոնի հետազոտական խումբը հայտնաբերել է հինգ տողից բաղկացած արձանագրություն, որում հիշատակվում է Բագրադ III Կյուրոպաղատը։
Վրաստանի մշակույթի և զբոսաշրջության ռեսուրսների ուսումնասիրության կենտրոնը` Շոթա Ռուսթավելիի անվան ազգային գիտական հիմնադրամի աջակցությամբ, արդեն երկրորդ տարին է, ինչ ուսումնասիրում է Սամցխե-Ջավախեթիում առկա պատմամշակութային կոթողները։ Այս նպատակով ուսումնասիրության կենտրոնն այցելել էր Ախալքալաքի շրջանում գտնվող Ագանա գյուղ և XIX դարում կառուցված հայկական եկեղեցում հայտնաբերել արձանագրություն, որտեղ հիշատակված է Բագրադ III Կյուրոպաղատը։
Վրաստանի մշակույթի և զբոսաշրջության ռեսուրսների ուսումնասիրության կենտրոնի բացահայտումը կատարվել է մշակութային ժառանգության ուսումնասիրությունների 12-րդ օրն Ագանա գյուղի հայկական եկեղեցում, որը 2012 թվականից համարվում է մշակութային ժառանգության հուշարձան և այժմ գտնվում է անմխիթար վիճակում՝ կիսավեր է և տանիքից զուրկ։ Բագրադ III Կյուրոպաղատին հիշատակող արձանագրությունը գտնվում է եկեղեցու խորանի մոտ, միջին հատվածում Քրոնիկոնն է, որը նախկինում թվագրության ձև է եղել։
Ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչ Լևան Ցիքարիշվիլին հայտնել է, որ 1970-ական թվականներին գիտական խումբը եկեղեցում հայտնաբերել էր «Ականա» գրությամբ արձանագրություն, իսկ Բագրադ III Կյուրոպաղատի մասին արձանագրությունն, ամենայն հավանականությամբ, աննկատ էր մնացել, ըստ Ցիքարիշվիլիի, երկու պատճառով. եկեղեցին անմխիթար վիճակում էր ու չէր գործում, արձանագրությունն էլ ամբողջովին գիպսե շերտով ծածկված էր։
«Պեղումների տասներկուերորդ օրը, երբ մեր խումբը ժամանեց Ագանա գյուղ, եղանակն անձրևային էր. երբ մուտք գործեցինք եկեղեցի, անձրևի պատճառով գիպսապատված շերտը ճեղքվեց, և գրությունը մեզ տեսանելի դարձավ։ Ճիշտ է՝ արձանագրությունում նշված է 984 թվականը, բայց այդ ժամանակաշրջանում Բագրադը չէր կրում Կյուրոպաղատի տիտղոսը, Քրոնիկոնը ներկայացված է գրության մեջտեղի հատվածում։ Այսպիսով, եկեղեցու կառուցման սկիզբը ենթադրաբար 984 թվականն է, իսկ շինարարությունն ավարտվել է այն ժամանակ, երբ Բագրատն արդեն կրում էր Կյուրոպաղատի տիտղոսը: Մինչ XIX դարում եկեղեցու կառուցումը, այստեղ եղել է միջնադարյան եկեղեցի, որը XIX դարում արդեն ավերված է եղել, ,և քարերն օգտագործվել են եկեղեցու կառուցման ժամանակ», — ասաց Լևան Ցիքարիշվիլին։
Հայտնաբերումից հետո ուսումնասիրության կենտրոնը կատարել է արձանագրության պալեոգրաֆիկ պատճենավորում, և այս փուլում հնագետ Նիկոլոզ Ժղենտին հետազոտում է արձանագրության բովանդակությունը։
Ագանա գյուղի բնակիչները հայտնել են, որ ուսումնասիրության կենտրոնի ժամանումից առաջ տեղյակ չեն եղել արձանագրության մասին։
Նշենք, որ մշակույթի նախարարությունը և նրա ենթակայության տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը դեռևս որևէ կերպ չեն արձագանքել եկեղեցում վերոնշյալ արձանագրության հայտնաբերման փաստին:
Հիշեցնենք, որ այս տարի Վրաստանի մշակույթի և զբոսաշրջության ռեսուրսների ուսումնասիրության կենտրոնը նախատեսում է ուսումնասիրել Սամցխե-Ջավախեթիի երկու շրջանների՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային գյուղերի մշակութային հուշարձանները։