Մառնեուլիի շրջանի որոշ հայաբնակ գյուղերում 9-ամյա կրթությունը լուրջ խոչընդոտ է դարձել աշակերտների ապագային ուղղված քայլեր ձեռնարկելու ճանապարհին:
Գյուլիբաղ, Չանախչի և Ծոփ գյուղերում աշակերտները 9-րդ դասարանն ավարտելուց հետո ստիպված են լինում դպրոցական կրթությունը շարունակել մոտակա համայնքներում, ոմանք էլ չունենալով այդ հնարավորությունը, ուղղակի կիսատ են թողնում ուսումը:
Գյուլիբաղ գյուղի բնակիչներից մեկը (չցանկացավ ներկայանալ, հեղ․) «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում տխրությամբ խոսեց այդ մասին։
«Շատ վատ է, որ աշակերտները ստիպված են լինում այլ գյուղերում շարունակել ուսումը: Մեր գյուղի դպրոցի աշակերտները մյուս երեք տարին դժվարությամբ շարունակում են հարևան գյուղի կրթօջախում, որպեսզի 12-ամյա կրթության հիման վրա կարողանան ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն»,- հավելում է գյուղացին:
Նա ընդգծում է, թե կան խոսակցություններ միջնակարգ կրթությունը դարձնել 10-ամյա, սակայն դա ևս իրավիճակը չի թեթևացնի:
Մառնելուլիի շրջանի Ծոփ գյուղի 9-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Սիրադեղյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է, որ լավ կլիներ, եթե գյուղի դպրոցը լիներ 12-ամյա:
«Մեր գյուղում միջնակարգ դպրոցը 9-ամյա է, մենք նույնպես համարվում ենք ավարտական դասարան: Չնայած դրան, շատերը չունեն նույնիսկ ապագայի համար ընտրած մասնագիտություն, քանի որ շատ մասնագիտություններ պահանջում են 12-ամյա կրթության փաստաթուղթ: Սա էլ պատճառ է հանդիսանում նրա, որ աշակերտների մեծամասնությունը համալսարանի փոխարեն ընդունվում է քոլեջ», — ասում է Անժելան:
9-ամյա կրթության խոչընդոտների մասին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին պատմում է նաև Չանախչի գյուղի հանրային դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը․
«Խնդիրն ակնհայտ է՝ դպրոցն ավարտելուց հետո կան շատ առաջադեմ երեխաներ, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթութուն ստանալ, սակայն դա հնարավոր չի լինում, քանի որ այլ գյուղ տեղափոխվել և ուսումն այնտեղ շարունակել ոչ բոլորին է հաջողվում: Պատճառները տարբեր են՝ չկա հասարակական տրանսպորտ, գյուղերի միջև հեռավորությունը մեծ է, այնտեղ չունեն բարեկամներ, որպեսզի տեղափոխվեն ուսման նպատակով»,-ցավով նշում է տնօրենը:
Մանուկյանը նույնպես ընդգծում է, որ աշակերտների մեծ մասը խնդրի պատճառով գերադասում է բարձրագույն ուսումնական հաստատության փոխարեն ընդունվել քոլեջներ:
«Խնդիրն այն չէ, որ 12-ամյա դպրոցներ ամեն տեղ չկան, այլ այն, որ պիտանի չեն ոչ՛ 12-ամյա, ոչ՛ 9-ամյա դպրոցները։ Իսկ կառավարությունը պարտավորեցնում է ծնողներին իրենց երեխաներին ուղարկել այդ ոչ պիտանի դպրոցներ։ Առանց այս դպրոցներից տեղեկանքի՝ երիտասարդներին չի թույլատրվում շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշում է վրացի ուսուցիչ, 2019 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի մրցույթի հաղթող Գիորգի Ճաուճիձեն:
Նրա խոսքով, եթե կառավարությունը թույլ տա երիտասարդներին շարունակել ուսումը բարձրագույն հաստատությունում՝ առանց 12-ամյա դպրոցի վկայականի, ապա ծնողները կգտնեն ավելի համարժեք ուղիներ՝ իրենց երեխաներին պատշաճ կրթություն ապահովելու համար: