2021 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել 305 մարդ, վթարների ամենատարածված պատճառը վազանցի կանոնների խախտումն է։
Հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում տեղի է ունեցել 4335 պատահար, որի հետևանքով տուժել է 5,7 հազար քաղաքացի։ Այս մասին հաղորդվում է ներքին գործերի նախարարության կայքում։
Հատկանշական է, որ վթարների 46%-ը տեղի է ունեցել Թբիլիսիում։ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած 1978 պատահարների հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 2379-ը։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա ամենամեծ թվով վթարները եղել են Կախեթիում, Իմերեթիում, Ռաճա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում։
Ինչ վերաբերում է դժբախտ պատահարների պատճառներին, ապա 2021 թվականին Վրաստանում ամենամեծ թվով վթարները տեղի են ունեցել վազանցման կանոնների խախտման հետևանքով, երկրորդ տեղում՝ արագության գերազանցումն է, իսկ երրորդում՝ հետիոտնային անցումով անցնելու կանոնների խախտումը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր