Վրաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուն, հետևաբար «Վրացական երազանք» կուսակցությունը 85 կողմ 0 դեմ ձայնով վստահություն տվեց նոր կառավարությանը:
Քվեարկության ավարտից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեց Վրաստանի պետական օրհներգը:
Հիշեցնենք՝ այսօրվա լիագումար նիստին չէին մասնակցում 8 ընդդիմադիր կուսակցությունների 60 պատգամավոր: Վերջիններս բոյկոտի ռեժիմում են, քանի որ չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Նոր ձևավորված կառավարության անդամներն են՝
- Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին,
- Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն,
- Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին,
- Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան,
- Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին,
- Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին,
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին,
- Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար Էկատերիե Տիկարաձեն,
- Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար Լևան Դավիթաշվիլին,
- Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին,
- Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Թեա Ախվլեդիանին:
Նոր կառավարության ծրագիրը կոչվում է «Եվրոպական պետություն ստեղծելու համար». Ծրագրի սահմանված նպատակներն են` պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում և զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն ու ապահով միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:
Նշված նպատակներից ելնելով` կառավարությունը ծրագրում է ջանքերը կենտրոնացնել 4 ուղղություններով`
- Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, կոնֆլիկտների լուծում ու մարդու իրավունքներ,
- Տնտեսական զարգացում,
- Սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում,
- Պետական կառավարում։