Վրաստանի հայ հանդիսատեսը կարող է հանգիստ շունչ քաշել: Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականի շենքի ամրացման աշխատանքները սկսված են: Այս օրվան թատրոնն ու թատերասերը սպասում է հինգ տարուց ավելի: Խոստացվածի համաձայն` Վրաստանի մշակույթի նախարարությունը սկսել է միակ Հայկական պետական թատրոնի` նախորդ դարի երեսունականներինկառուցված շենքի` վաղուց խաթարված վիճակի վերականգնումը:
Գումար է հատկացվել Վրաստանի մի շարք թատրոնների շենքային պայմանների բարելավման ծրագրի համար: Վրաստանի հայալեզու թատրոնը ցանկում առաջինն է: Մեկ տարի առաջ նախագծի կազմելու համար
հայտարարված 3 մրցույթին ոչ մի շինարարական կազմակերպություն մասնակցության հայտ չէր ներկայացրել: Օրենքի համաձայն` ամրացման համար նախատեսված գումարը Նախարարությունը փոխանցել է պետական հիմնարկների նախագծերի կազմմանբ զբաղվող կազմակերպությանը.
«Արդեն փոխանցվել է 65 հազար լարի. մարտի 25-ինպատրաստ կլինի նախագիծը: Թատրոնի նկուղում անընդհատ ջուրէ հավաքվում, այժմ պարզում են` որտեղից է գալիս, արդյո՞ք բնական ջուր է, և ամրացումից հետո ամրացումից հետո չի՞ վնասելու շենքին»,- մեզ հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
Այս հարցերի եզրակացությունը պարզ կլինի մի քանի օրից, որին կհաջորդի արդեն պատրաստ նախագիծը` հավանաբար մարտի վերջին, իսկ բուն աշխատանքները կսկսվեն ապրիլի կեսից: Սա առաջին փուլն է , ամրացում և արտաքին պատերի հարդարում` ամենակարևոր փուլն է, որը թույլ կտա հանել վթարային կարգավիճակը և տեղում ներկայացումներ խաղալու հնարավորություն ունենալ:
Հետո կհաջորդի նաև ճեմասրահի և հանդերձարանների վերանորոգումն ու հարդարումը: Լուսային և ձայնային հագեցվածության հարցը լուծվելու է Հայաստանի հանրապետության աջակցությամբ: Ա. Բայանդուրյանն ասում է, որ կոնկրետ աշխատանքները սկսվելուց հետո թատրոնն այս հարցով կդիմի ՀՀ նախագահին:
Իսկ մինչ այդ թատրոնը շարունակում է բնականոն գործունեությունը. Շուտով կբացվի 160-րդ հոբելյանական թատերաշրջանը: Ներկայացումներ կան ներսում ու դրսում, Հայաստանի հյուրախաղերից բացի այս տարի մեկ կարևոր նախաձեռնություն էլ կա. Ադամյանցիները հյուրախաղերի հրավեր են ստացել Հունաստանից: Այս տարի ևս թատրոնը մասնակցում է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:
Անմասն չի մնա նաև Դումբաձեին նվիրված թատերական փառատոնից, որին մասնակցում են բոլոր վրաց թատրոնները, հայական պետականը կներկայանա Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսով`առաջին անգա,մ վրացերեն. Սա 160 տարվա թատրոնի պատմության մեջ նոր, աննախադեպ մոտեցում է: Գեղարվեստական ղեկավարը վստահ է, որ այս գործը հետաքրքիր կենսագրություն է ունենալու, քանի որ վրացերեն տարբերակը հնարավոր կլինի խաղալ նաև վրաց Թատրոններում:
Այս տարիները թատրոնում հենց այնպես չեն անցել: 100 –ից ավելի ներկայացում է խաղացվել, մոտ 30 նոր գործ է բեմադրվել, որոնք հանդիսատեսը դեռ չի դիտել, եղել են հյուրախաղեր և առաջնախաղեր` այլ բեմերում, իսկ փորձերն ու ներկայացումների նախապատրաստական աշխատանքները` չնայած վտանգավորությանը, տարվել են թատրոնի շենքում:
տեխնիկական խնդիրները լուծելուց հետո հերթը հասնելու է նաև թատրոնի ու հանդիսականի` երբեմնի սերտ կապը վերականգնելու ու ամրապնդելու գործին: Թատերասերը պետք է իր հարազատ դահլիճ վերադառնա: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը լիահույս է` այս տարիներին հանդիսատեսի քանակն ավելացել է, բայց միևնույն ժամանակ տարակուսում է` գրագետ, բանիմաց, պահանջկոտ հանդիսատեսին ետ բերելը հեշտ չի լինելու.
«Այսօր հանդիսականն ինքն է որոշում` ինչպես գործես, ինչ խաղացանկ ստեղծես, որպեսզի լինի ընդունելի և թատրոնի, և հանդիսատեսի համար: Իսկ սրա համար լուրջ հանդիսատես է պետք: Թատրոնը ոչ բոլորի համար է: Թատրոնը լավ գրականություն է, լավ երաժշտություն, լավ նկարչություն: Եթե սրա ընկալողը չունես, ապա քո գործելը ի՞նչ միտք ունի»:
Այս տարի բոլոր ներկայացումներն ու հյուրախաղերը, նվիրվելու են թատրոնի 160-ամյակին, իսկ հոբելյանի հիմնական միջոցառումները, գուցե մի փոքր ուշացումով, բայց կանցկացվեն հարազատ հարկի տակ ու բեմի վրա: