
Փետրվարի 17-ին Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հրաժեշտ է տվել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով ավարտել է իր առաքելությունը։ Խորհրդարանի խոսնակը կարևորել է դեսպանի արդյունավետ աշխատանքը Հայաստանում և նշել, որ համատեղ քննարկումների արդյունքում բազմաթիվ խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Սահակյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ինչպես երկու երկրների միջև համագործակցությունը, այնպես էլ երկու պետությունների խորհրդարանների միջև կապը առավելագույնս կակտիվանա։ Թենգիզ Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել և կարևորել փոխադարձ բարեկամությունը։ Նա նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանում մեծ ուշադրություն է դարձրել այդ համագործակցության վերականգնման, զարգացման և շարունակականության ապահովման վրա։ Դեսպանը նշել է, որ լքելով Հայաստանը` կշարունակի հայ ժողովրդի հավատարիմ ընկերը մնալ։ Ազգային ժողովի ղեկավարը արդեն նախկին դեսպանին մաղթել է աշխատանքային հաջողություններ` հետագա գործունեության մեջ։