«1+4» վրացերեն լեզվի վերապատրաստման կրթական ծրագրին մասնակցած Վրաստանի ազգային փոքրամասնությունների 65 ներկայացուցիչ մայիսի 1-ից Վրաստանի 20 կառույցում մեկնարկեց պրակտիկան: ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում համերաշխության եւ քաղաքացիական հավասարության պետական նախարարության պիլոտային ծրագրին մասնակցելու 151 հայտ է ներկայացվել, որից հարցազրույցի փուլ է անցել 90-ը, հարցազրույցն էլ հաջողությամբ հաղթահարել է 65-ը:
Արդեն արդարադատության նախարարության պրակտիկանտ, Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական եւ քաղաքական գիտությունների ֆակուլտետի, միջազգային հարաբերությունների բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արեգնազ Պետրոսյանը «Ալիք»-ի հետ զրույցում պատմեց հարցազրույցի ընթացքի մասին:
«Հարցազրույցին ներկա էին ներկայացուցիչներ տարբեր կառույցներից: Հարցրեցին, թե ինչով եմ զբաղվում հիմա, արդյո՞ք պատրաստվում եմ շրջան վերադառնալ: Պատմեցի իմ մասին, ասացի, որ մենթոր եմ այս պահին, պատրաստվում եմ մագիստրատուրա ընդունվել: Շրջան կվերադառնամ մագիստրատուրան ավարտելուց հետո»,-ասում է Պետրոսյանը:
Հարցազրույցից հետո ընտրվածներին հրավիրել են հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետական նախարարություն: Պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին, դիմելով պրակտիկայի պիլոտային ծրագրի մրցույթի հաղթողներին, ասել է.
«Մեր նպատակն է, որ մեր բոլոր համաքաղաքացիները, անկախ էթնիկ պատկանելիությունից, լինեն հավասար մեր ընդհանուր հայրենիքում եւ իրենց համար ցանկալի բնագավառում ներգրավվելու հնարավորություն ունենան»։
Պետնախարարը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում խոսել է քաղաքացիական ինտեգրման կարեւորության մասին։
«Հույս ունեմ, որ յուրաքանչյուր պրակտիկանտ լավագույնս կներկայացնի իր հմտությունները, կուսումնասիրի պետական աշխատանքի առանձնահատկությունը եւ հաջողությամբ կիրականացնի ստանձնած պարտավորությունները»,-ասել է Ցիխելաշվիլին։
«Սա լավ հնարավորություն է էթնիկ փոքրամասնությունների համար: Երբ մրցում ենք վրացիների հետ, հաղթելու մեր հնարավորություններն ավելի քիչ են: Մեր ապագա մասնագիտացմանը սա շատ կօգնի: Այս պրակտիկայի միջոցով կկարողանամ իմ սովորած տեսական գիտելիքները գործնականի վերածել»,- մեզ հետ զրույցում ասաց «1+4»-ի ադրբեջանալեզուների բաժինն ավարտած, ԹՊՀ-ի միջազգային հարաբերությունների ուսանողուհի Լամիա Չոբանովան:
Ռոբերտ Քարտաշյանը, ով ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է, ասում է, որ ծրագիրը նրան շատ կօգնի:
«Ծրագիրն ուսանողներիս ընձեռում է մեծ հնարավորություն՝ ստանալ աշխատանքային փորձառություն հանրային կառույցներում, ինչպես նաև օգտագործել տեսական գիտելիքները գործնական միջավայրում: Լինելով ապագա իրավաբան, կօգտագործեմ այս հնարավորությունը, որպեսզի խորացնեմ մասնագիտական գիտելիքներս, վստահ եմ՝ հետագայում ինձ շատ կօգնի»,-ասում է Քարտաշյանը։
Հիշեցնենք՝ պրակտիկան կտեւի 3 ամիս: Այն ավարտելոց հետո էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները կստանան հավաստագիր: