Իրանի հետ արտոնագրային ռեժիմը չեղյալ հայտարարվեց

no-visa_1725Վրաստանում Իրանի քաղաքացիների համար ներգաղթային արտոնագրային ռեժիմը փետրվարի 15-ից չեղյալ է հայտարարվել: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրիայան: Փոխդեսպանը հայտարարել է, որ Վրաստանի կողմից քաղաքացիների համար պարտադիր արտոնագրային ռեժիմի արդյունքում երկու երկրների միջև նվազել էր այցելությունների թվաքանակը, այս հանգամանքն ազդել էր նաեւ տնտեսական հարաբերությունների վրա:

«Տնտեսական հարաբերությունները զարգանում են այն դեպքում, երբ մարդիկ կարողանում են ազատ ելումուտ ունենալ, երբ ներդրողը ազատ մտնում է իր նախընտրած դաշտը, ինչի արդյունքում տնտեսական ակտիվություն է սկսում: Եթե 2012-2013 թթ.-ին   Իրան-Վրաստան ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 200 մլն դոլար, այսօր այդ ցուցանիշը 130 մլնից պակաս է: Իրավիճակը հնարավոր է փոխել, քանի-որ Իրանը և Վրաստանը առևտրաշրջանառությունը բարձրացնելու ներուժ ունեն» ,- հայտարարել է Մոհսեն Քեբրիան:

Հիշեցնենք որ մինչ այս Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Ջալաղանիան հանդիպում էր ունեցել Վրաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպան՝ Աբաս Թալեբի Փարի հետ: Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ`  հանդիպման հիմնական նպատակը եղել է Իրանի կողմից պաշտոնական հաղորդագրությունը` Վրաստանի կառավարության որոշման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի այսօրվանից՝ փետրվարի 15-ից:  Իրանական կողմը Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը համապատասխան պաշտոնական նոտա էր հղել:

«Նշված որոշումը, Իրանի իսլամական հանրապետության անձնագրեր ունեցող քաղաքացիներին իրավունք կտա առանց վիզայի 45 օր գտնվել Վրաստանի տարածքում: Հանդիպման շրջանակներում վերանայվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում նաև զբոսաշրջության, տնտեսության, առևտրի և տարանցիկ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներ»,-  հայտարարել են Վրաստանի արտգործնախարարությունից:

Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլիի հայտարարությամբ`  քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Իրանական ավիաընկերության կողմից ստացել է հայտ: Քումսիշվիլին հույս է հայտնել, որ երբ Իրանական ավիաընկերությունը ավարտի փաստաթղթերի հետ կապված հարցերը, նրան կտրվի թռիչքներ իրականացնելու արտոնություն:  «Սա  իհարկե պետք է նպաստի զբոսաշրջրությանը, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Մի քանի փաստաթուղթ է մնացել, որոնք պետք է ներկայացվեն ավիաընկերության կողմից, ինչից հետո, կարծում եմ` որեւէ խոչընդոտ չի լինի, այսինքն արագ կերպով կտանք թռիչքներ իրականացնելու թույտվություն»,-  լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Քումսիշվիլին` ավելացնելով, որ թռիչքների հերթականությունն այս պահին համաձայնեցվում է:

 

Թողնել պատասխան