Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) աջակցում է Թբիլիսիում առավել էկոլոգիական հասարակական տրանսպորտի զարգացմանը, մինչև 50,6 միլիոն եվրոյի սուվերեն վարկը հնարավորություն կընձեռի ֆինանսավորելու առնվազն 12 մետրոյի կայարանների վերականգնումը և վերանորոգումը:
Ֆինանսական փաթեթը ներառում է մինչև 5 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհ Green Climate Fund-ից (GCF):
«1,2 միլիոն բնակչություն ունեցող Թբիլիսին առաջիններից մեկն էր, որ միացավ EBRD-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրին, որն աջակցում է իր անդամներին դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին՝ կայուն ներդրումների և քաղաքական միջոցառումների միջոցով: Թբիլիսին նաև առաջիններից էր, որ մշակեց Կանաչ քաղաքների գործողությունների ծրագիր (GCAP): Թբիլիսին արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցել իր ջանքերով, ներառյալ նավատորմի նորացումը և ցանցի վերակառուցումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, ենթակառուցվածքի բարելավումը, ինչպես նաև ակտիվների կառավարման նոր պլանը, որը ֆինանսավորվելու է ծրագրի շրջանակներում, կավելացնի Թբիլիսիի տրանսպորտային ընկերության (TTC) ոչ ուղեվարձի եկամուտները՝ միաժամանակ բարելավելով սպասարկումը, նվազեցնելով հիմնական պահպանման համար անհրաժեշտ ժամանակը:
Ի դեպ, Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ EBRD-ը Վրաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ Հիմնադրման օրվանից բանկը ներդրումներ է կատարել երկրի տարբեր կարևոր նախագծերում, այդ թվում՝ ֆինանսական, կորպորատիվ, քաղաքային, էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերում:
Նշենք, որ EBRD-ն ավելի քան 5 միլիարդ եվրո է ներդրել Վրաստանում՝ 280 նախագծերի շրջանակներում, որոնց ավելի քան 80 տոկոսը մասնավոր հատվածից է։ Բանկի հիմնական ներդրումային ոլորտները ներառում են ֆինանսական հատվածը, կայուն ենթակառուցվածքը, արտադրությունն ու ծառայությունները, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ):