5000-ական լարի տուգանք դատավորի տան մոտ ակցիայի համար

Քութաիսիի քաղաքային դատարանի դատավոր Ցիցինո Մոսիձեն 5000 լարիի չափով տուգանել է ինը քաղաքացու. նրանք հունվարի 26-ին կայացած ակցիայի ժամանակ համերաշխություն են հայտնել կալանքի տակ գտնվող լրագրող Մզիա Ամաղլոբելիին։ Տուգանքի միջնորդությամբ դատարանին դիմել էր դատախազությունը։

Դատավորի որոշմանն ի պատասխան դատարանի դահլիճում հնչել են վանկարկումներ՝ «անարդար դատարան», «ազատություն Մզիա Ամաղլոբելիին»։

Տուգանվել են լրագրող Գելա Մթիվլիշվիլին, երաժիշտ Նինո Քաթամաձեն, ուսուցիչ Լադո Աբխազավան, լրագրող Խվիչա Վաշակղմաձեն, հոգեբան Քեթևան Փիլաուրին, հոգեբան Մայա Ցիրամուան, ակտիվիստ Իրինա Զարանդիան, Լանչխութիի քաղաքապետարանի անդամ Գիվի Ցինցաձեն և լրագրող Էկա Կուխալաշվիլին։

Նշենք, հունվարի 26-ին Քութաիսիում, Վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի տան մոտ, քաղբանտարկյալ Մզիա Ամաղլոբելիին աջակցության ցույց է տեղի ունեցել։ Քաղաքացիները բողոքել են Վերաքննիչ դատարանի կողմից լրագրողի հայցը անընդունելի ճանաչելու դեմ։