Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է առանց մրցույթի ամանորյա միջոցառումների համար ծախսել 4 մլն 994 հազար 200 լարի (1 մլն 764 հազար 734). քաղաքապետարանն այդ հարցում արդեն ստացել է Պետական գնումների գործակալության հավանությունը։
Հարկ է նշել, որ ամանորյա միջոցառումները նախատեսվում է անցկացնել 22 օր՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2023 թվականի հունվարի 13-ը՝ Օրբելիանի հրապարակում, «Մշրալի խիդի» (Չոր կամրջի) վրա, ապրիլի 9-ի և մարտի 9-ի այգիներում։
«Հատուկ կազմակերպված տարածքներում նախատեսվում են միջոցառումներ՝ հաշվի առնելով բոլոր տարիքային կատեգորիաները, կներկայացվեն մանկական համերգներ, թատերական ներկայացումներ, հեքիաթների կերպարներ, տարբեր ժամանցային և մշակութային միջոցառումներ, կլինեն երթեր, ներկայացումներ, անսամբլների, նվագախմբերի, էստրադային երգիչների համերգներ…»,- նշել է քաղաքապետարանը գնումների գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ։
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, տեղի կունենա ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ գալա համերգը, որին կմասնակցեն շուրջ 200 երաժշտական կատարողներ, այդ թվում՝ երգչախմբեր, անսամբլներ, բենդեր և նվագախմբեր։
Թբիլիսիի ամանորյա կարգախոսը լինելու է «Խաղաղության քաղաք»։ Քաղաքապետարանը մակագրությունը տեղադրել է Ազատության հրապարակի տոնածառի մոտ: Թբիլիսիի կենտրոնական տոնածառի և ամանորյա զարդարանքների լույսերը հանդիսավոր կերպով վառվել են դեկտեմբերի 9-ին։