5 հազար դոլար․ թբիլիսյան ակտիվիստի տուգանքի չափն է

Վրաստանյան եվրոպամետ բողոքի ցույցերի ակտիվ մասնակից, «Գիրչի — առավել ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասիան այսօր՝ փետրվարի 21-ին, երեք անգամ տուգանվել է։ Նրա նկատմամբ նշանակված տուգանքի չափը կազմում է 14 հազար 500 լարի (շուրջ 5 հազար դոլար)։ Երկու 5000-ական (ընդհանուր 10 հազար) լարի ճանապարհ փակելու համար, 4500 լարի՝ ոստիկանի պահանջին չենթարկվելու համար։

Առաջին երկու տուգանքները ոստիկանությունը նրան նշանակել է փետրվարի 13-ին և 14-ին խորհրդարանի շենքի դիմաց ճանապարհը փակելու համար, իսկ երրորդ տուգանքի որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն։ Դատավորը գտնում է, որ Խասաիան վարչական իրավախախտում է կատարել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Թբիլիսիի Շարաշիձեի փողոցում, որտեղ գտնվում է «Դրոա» կուսակցության գրասենյակը։ Այդ օրը կուսակցության գրասենյակից հանվել է հանրահավաքների համար նախատեսված գույքագրումը։

Նույն դատավորն այսօր տուգանել է Գելա Խասաիայի փաստաբանին՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության իրավաբան Թեո Զաքարեիշվիլիին «առարկելու և բարձր տոնով խոսելու համար»։

Արդեն 86 օր է՝ նոյեմբերի 28-ից, Թբիլիսիում և այլ քաղաքներում ընթանում են եվրոպամետ ցույցեր։ Բողոքի շարունակական ալիքը հաջորդեց «Վրացական երազանք»-ի այն հայտարարությանը, թե իրենք որոշել են մինչև 2028 թվականն օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների հարցը։

Ցուցարարներն իրենց բողոքն արտահայտում են երթերով և ելույթներով։ Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ձերբակալվածներին:

ՆԳՆ-ն լրագրողներին մեղադրում է ճանապարհը փակելու մեջ