Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Վրաստանին 46 մլն եվրո կհատկացնի առողջապահության ոլորտի զարգացման համար, հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են նախարարության ղեկավար Լաշա Խուցիշվիլին և Վրաստանում ԱԶԲ մշտական ներկայացուցչության տնօրեն Լեսլի Բիրմանը։
Համաձայնագրի պայմաններով՝ 23,1 մլն եվրոյի չափով առաջին փոխանցումը երկրին կհատկացվի 2024 թվականին։ Մնացած մասը Վրաստանը կստանա 2025 թվականին։
Միջոցները կուղղվեն առողջության առաջնային պահպանման, մասնագիտացված ամբուլատորիաների, ախտորոշիչ ծառայությունների բարելավմանը։ Մյուս նպատակը թվային տեղեկատվական համակարգերի ներդրումն է, որոնք անհրաժեշտ են պետական ծախսերի առավել արդյունավետ կառավարման համար։