Թբիլիսիում մի շարք գերատեսչությունների շենքերի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 46 մարդու։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն առավոտից ցույցեր է անցկացնում Պետական անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության և Արդարադատության նախարարության շենքերի դիմաց։
«Այնտեղ, որտեղ ցուցարարները գերազանցել են հավաքների և արտահայտվելու ազատության մասին օրենքով թույլատրված սահմանները, ինչպես նաև փորձել են փակել վարչական շենքերի մուտքերը, ոստիկանությունը բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 46 մարդու», — հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ հանրահավաքների և ցույցերի մասին օրենքը արգելում է «շրջափակել վարչական շենքերի մուտքերը և խաթարել դրանց գործունեությունը»։
«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ցուցարարներին և քաղաքական առաջնորդներին՝ հարգել Վրաստանի Սահմանադրությունը, հարգել իրավապահների գործունեությունը, ենթարկվել ոստիկանության պահանջին և պահպանել հասարակական կարգը։ Օրենքի ցանկացած խախտում անհապաղ կկասեցվի ոստիկանների կողմից և կձեռնարկվեն համապատասխան իրավական գործողություններ», — ասված է հաղորդագրություն մեջ։
Հիշեցնենք՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվածների թվում են ընդդիմադիր ակտիվիստներ Բադրի Շուբլաձեն, Մուրման Դումբաձեն և Նիկա Ֆաարուլավան։
Ավելի ուշ ձերբակալվել է նաև «Գիրչիի» անդամ, Սաբուրթալոյի սակրեբուլոյի մեծամասնական թեկնածու Բորիս Կուրուան։
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ծրագրել էր հանրահավաքներ՝ ի պաշտպանություն բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր