Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսում է Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին կայացված մեղադրական դատավճիռների վերանայման գործընթացը: 2012 թ. հոկտեմբերին Վրաստանում իշխանության գալուց հետո «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան ազդարարեց «արդարության վերականգնման գործընթացի սկիզբը»:
Որոշ ժամանակ անց երկրում քրեական գործեր հարուցվեցին և նախկին իշխող կուսակցության` «Միացյալ ազգային շարժման» ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ ձերբակալվեցին: 2015թ.-ի մարտին դատախազությանը կից դատական վարույթների ընթացքում կատարված հանցանքները քննող դեպարտամենտ ստեղծվեց: 2016-ի հուլիսին քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն, եթե գործում ի հայտ են գալիս նոր հանգամանքներ և դատախազությունը դատապարտյալի իրավունքների խախտման վրաբերյալ որոշում է կայացնում, դատավճիռը կարող է վերանայվել:
«Վրաստանի դատախազությունը նոր փոփոխությունների հիման վրա արդեն երեք դատապարտյալների` Իոսիֆ Ջանդիերիի, Թեմուր Սալակայի և Անդրո Չխիկվիշվիլիի գործերը վերանայելու որոշում է կայացրել», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Մինչ գործերի վերանայումը հին քրեական գործերով նոր քննություն է կատարվել, նոր վկաներ են հարցաքննվել և նոր ապացույցներ ձեռք բերվել: «Կատարված քննությունը պարզեց, որ քաղացիներ Իոսիֆ Ջանդիերին, Թեմուր Սալական և Անդրո Չխիկվիշվիլին դատապարտվել և պատիժ են կրել նախկին իշխանությունների համար անընդունելի քաղաքական հայացքների և վերջինների անօրինական պահանջները չկատարելու համար», — ասված է հայտարարության մեջ:
Քննությունը պարզել է, որ Ջանդիերին և Սալական քաղաքական դրդապատճառներով դատապարտվել են հերոին պահելու համար: Ջանդիերին 2007 թ.-ի նոյեմբերի 4-ին ընդդիմության միջոցառումներից մեկի ժամանակ, ի նշան Սահակաշվիլիի վարած քաղաքականության հետ անհամաձայնության, պատռել էր իր կուսակցական տոմսը:
Ինչ վերաբերում է Թեմուր Սալակային, ապա նախաքննությունը գտնում է, որ նա հետապնդվել է այն ժամանակ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի հետ ունեցած կապերի համար:
Եվս մեկ ձերբակալված` Անդրո Չխիկվիշվիլին, նոր քննության տվյալներով, քրեական հետապնդման էր ենթարկվել խարդախության համար, քանի որ հրաժարվել էր համոզել շվեյցարական ընկերություններից մեկին հրաժարվել ստանալ վրացական կողմին պարտքով տված գումարը հետ ստանալու մտքից:
Վրաստանի գլխավոր դատախազությունը բոլոր երեք դատապարտյալների գործերը փոխանցել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան: