«Եթե չլիներ «1+4» ծրագիրը, ես Վրաստանում չէի սկսի սովորել, չէի անցնի այն ամենի միջով, որով անցել եմ: Շնորհակալ եմ այս ծրագիրը նախաձեռնողներին, ծրագիրը մեր ինտեգրման հարցում իր դրական արդյունքն է տվել»։
«Ալիք»-ի զրուցակիցը Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից Գուրգեն Եզոյանն է, ով Վրաստանի ԲՈՒՀ-ում ուսանելու հնարավորություն է ստացել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով և այժմ մագիստրատուրայի ուսանող է: Գուրգենն ուսմանը զուգահեռ նաև աշխատում է Վրաստանի Արդարադատության նախարարությունում։
«1+4» ծրագրով ընդունվել եմ ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ: Այժմ ուսումս շարունակում են Արեւելյան Եվրոպայի համալսարանում: Վրաստանում, այնտեղ, որտեղ ապրում ենք, ուսում ստանալու համար «4+1»-ը լավ հնարավորություն է: Ջավախքի ժողովուրդը վրացերեն լեզվի հետ կապված խնդիր ունի, իսկ սա հենց վրացերենին տիրապետելու լավ հնարավորություն էր»,-պատմում է Գուրգենը, ով երկրի բարձրագույն հաստատություն է ընդունվել մայրենի լեզվով քննությամբ։
Գուրգենն ասում է՝ ծրագիրը տալիս է այն արդյունքը, ինչի համար ստեղծվել է։ Նա միաժամանակ ավելացնում, որ ծրագրի նպատակը վրացերենի ուսուցումը չէր, այլ օգնել, որ պետական լեզվին չտիրապետողները քննություն հանձնեն մայրենիիով, այնուհետեւ ինտեգրվել վրաց հասարակության մեջ.
«Մենք՝ Ջավախքից ընդունված ուսանողներս, տեղեկատվության պակաս ունեինք. Ի՞նչ խստության էր լինելու վրացերենի ուսուցումը, ինչ էր մեզ սպասվում ծրագրի առաջին տարին ավարտելուց հետո․․․Կոնկրետ ես, նախքան սովորելս,մտածում էի, որ վրացերենին քիչ թե շատ տիրապետում եմ, սակայն փորձը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Ծրագիրը, որ նպատակ ուներ վրացերեն սովորեցնել, չծառայեց այդ նպատակին»։
Վրաց լեզուն կատարելագործել Գուրգենին օգնել է նաեւ իրավաբանական ֆակուլտետը․«Ես ոչ մի պահ չդադարեցի աշխատել վրացերենիս վրա: Նախ լեզվին տիրապետելը մեծ աշխատասիրություն էր պահանջում, իսկ հետո մենք ստիպված էինք մի դաշտում մրցել այն ուսանողների հետ, որոնք սովորել են վրացական դպրոցներում»։
Իրավաբանական ֆակուլտետում սովորելիս Գուրգենին ուղղություն էին տալիս իրենից մեկ տարի առաջ ընդունված հայերը, այժմ խորհուրդ տվողի դերում ինքն է՝ Գուրգենը։ Նրա խոսքով՝ «4+1»-ով ընդունվածներին իրենց աջակցությունն էին ցուցաբերում դասախոսները․ ավելի մեղմ էին վերաբերվում, շատ չէին պահանջում։ Գուրգենին, սակայն, հոգեբանորեն դա դուր չէր գալիս:
Այլ է վրացի ուսանողների մեջ ինտեգրման հարցը, ինչի մասին նա ասում է․ «Սկզբնական շրջանում պարզ նկատվում էր, որ ինտեգրումը չէր ստացվում․ հայերս առանձին էինք միշտ, իսկ դա նորմալ չէր: Հետո որքան ավելի հաղթահարեցինք լեզվական խոչընդոտը, այնքան ավելի կայացավ մեր ինտեգրումը»։
Արդարադատության նախարարի ծրագրի համաձայն՝ շրջաններում նույնպես կգործեն արդարադատության տան մասնաշենքերը, Գուրգենն այսուհետ կաշխատի Ախալքալաքի մասնաճյուղում:
«Աշխատանքի շրջանակներում շատ ենք քննարկել Ախալքալաքում իմ հայրենակիցների, հատկապես նրանց հետ, ովքեր վրացերենին չեն տիրապետում, վրացերենով շփվելու հարցը։ Մինչ օրս դա չի ստացվել: Պարզ է՝ Թբիլիսիիում դա հաշվի կառնեն, ժողովուրդն էլ դժգոհ չի մնա»։
Իր հաջողության պատմությունն ամփոփելով՝ Գուրգենը խորհուրդ է տալիս «1+4» ծրագրով ընդունվել պատրաստվող շրջանավարտներին. «Հատկապես վրացերեն լեզվի վրա պետք է շատ աշխատել, ինչպես մինչև ընդունվելը, այնպես էլ սովորելու ընթացքում: Մեծ աշխատասիրության կոչ եմ անում»։