Իրանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է Կամբոջայի հավաքականին։
Հանդիպումը նշանակալի էր հատկապես այն առումով, որ 40 տարվա դադարից հետո իրանցի կանայք հնարավորություն ունեցան դարձյալ ներկա գտնվել մարզադաշտում՝ հետևելով ֆուտբոլային հանդիպմանը։ Մինչ այս կանանց խստորեն արգելված էր մարզադաշտ այցելել:
ՖԻՖԱ-ի ջանքերի շնորհիվ Իրանի կառավարությունը թույլատրեց կանանց այցելել ֆուտբոլային խաղերի։ ՖԻՖԱ-ն սահմանափակումների չեղարկում պահանջեց այն բանից հետո, երբ մի կին փորձել էր տղամարդու հագուստով մտնել մարզադաշտ, որի ժամանակ նրան ձերբակալել էին: Դատապարտվելու վախից կինը դատարանի առաջ ինքնահրկիզվել էր:
Կանանց համար պատմական խաղին վաճառվել է 3 500 այսպես կոչված «կանանց տոմս»: Հատկանշական է, որ ստադիոնում կանանց և տղամարդկանց նստատեղերը բաժանված են եղել: Իրանցի կանայք նաև բողոքել են տեղերի սահմանափակ լինելու համար, քանի որ մարզադաշտը եղել է 78 հազար տեղանոց, իսկ կանանց համար հատկացվել է ընդամենը 3 500 տեղ: