Ընդդիմադիր երեք կոալիցիա և մեկ կուսակցություն հիմնել են ընդդիմության միասնական տեղեկատվական կենտրոն, որը կգործարկվի այսօրվանից՝ դեկտեմբերի 5-ից։
Կենտրոնի ստեղծման մասին նրանք հայտարարել են այսօր կայացած համատեղ ճեպազրույցում, որին մասնակցել են «Միացյալ ազգային շարժում»-ը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը և «Գախարիան՝ Վրաստանի համար»-ը։
Ըստ «Ուժեղ Վրաստանի» անդամ Լևան Ցուցքիրիձեի պարզաբանման՝ ընդդիմության միասնական տեղեկատվական կենտրոնը մշտապես հանրությանը կտրամադրի քաղաքական ընդդիմության քայլերի թարմացումներն ու գնահատականները։
«Ուզում եմ աջակցություն հայտնել բոլոր ապօրինի կալանավորված մարդկանց։ Ձերբակալվածներն արդեն այնքան շատ են, որ այլևս չեն կարողանում նրանց տեղավորել Թբիլիսիում և տեղափոխում են շրջաններ։ Սա նշան է, որ այս անօրեն ռեժիմը գտնվում է իր «ապականման» վերջին փուլում։ Նրանց պահվածքը վկայում է, որ իշխանությունը պահպանելու համար նրանց այլ ռեսուրս չի մնացել, բացի բիրտ ֆիզիկական ուժից»,- ասել է Լևան Ցուցքիրիձեն։