Խոսելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր երկխոսության մասին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում։ Մասնավորապես, նա նշել է «3+3» ձևաչափի խոչընդոտը։
Ըստ նրա՝ Արևմուտքն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն։ Լավրովի խոսքով, Ռուսաստանը հստակ տեսնում է, թե ինչ նպատակներ ունի Արևմուտքը Հարավային Կովկասում։
«Նա չի էլ թաքցնում դա, ընդհակառակը, ձգտում է Ռուսաստանին կտրել տարածաշրջանից։ Ռուսաստանը Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձում է զարգացնել «3+3» ձևաչափը: Վրացական կողմը դեռ մտածում է՝ մասնակցել, թե չմասնակցել այս ձևաչափին։ Թեև առաջին հանդիպումը կայացել է, սակայն Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։
Հիմա մտածում ենք երկրորդ հանդիպմանը հրավիրելու մասին։ Արևմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է այդ ձևաչափը ոչնչացնելու ուղղությամբ և փորձում է սեփական ծառայությունները մատուցել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին։ Սա վկայում է այն մասին, որ նա ցանկանում է գերակայել տարածաշրջանում»,- ասել է Լավրովը:
Նշենք, որ «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը Մոսկվայում կայացավ առանց Վրաստանի, սակայն, չնայած Թբիլիսիի դիրքորոշմանը, մոսկովյան հանդիպմանը, այնուամենայնիվ, նաև վրացական դրոշն էր եղել։
Ի դեպ, «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն ու հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։