Թեհրանում կայացած «3+3» ձևաչափի հանդիպման ամփոփ հայտարարության մեջ նշվում է, որ «ձևաչափը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար»։ Համատեղ հայտարարության տեքստը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար»,- նշված է փաստաթղթի 7-րդ կետում:
Բացի այդ, նախարարները խոսել են «տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման», ինչպես նաև տարածաշրջանային հարթակում մասնակից բոլոր երկրների միջև «հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացներին» աջակցելու համար խորհրդակցությունների շարունակման մասին։
Նշենք՝ Թբիլիսին, որ ևս ներառված է այս ձևաչափի մեջ, հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի մասնակցելու այդ ձևաչափին: Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ չի պատրաստվում մասնակցել այդ նախաձեռնությանը։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին, որին նույնպես պաշտոնական Թբիլիսին չի մասնակցել: Հանդիպմանը, սակայն, ներկայացվել է նաև Վրաստանի դրոշը, ինչի դեմ Թբիլիսին բողոքել է։
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ՝ ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար» (3+3) ստեղծելու նախաձեռնության մասին։ Դա տեղի է ունեցել Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին նախորդել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Ուշագրավ է նաև, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար Վրաստանը բանակցությունների սեփական ձևաչափն է առաջարկել Ադրբեջանին և Հայաստանին։