Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի իր գործընկերոջ Մորգան Յոհանսոնին:
Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ, Յոհանսոնը Գախարիային է դիմել՝ Շվեդիայում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցով:
«Այս քաղաքացիները Շվեդիայի հետ որևէ կապ չունեն և օրենքի համաձայն նրանք կարող են Վրաստան վերադառնալ: Կա նաև երկրորդ պատճառը` Շվեդիայի կալանավայրերը անհրաժեշտ են մեր երկրի քաղաքացի հանցագործների համար»,-հայտարարել է Յոհանսոնը:
Շվեդիայի ոստիկանության տվյալներով, այդ երկրում տեղի ունեցած գողությունների գրեթե 50%-ը իրականացնում են օտարերկրացիները, ովքեր հիմնականում Վրաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Լեհաստանի քաղաքացիներ են:
«Միջազգային չափանիշների համաձայն, Շվեդիայում դատապարտված Վրաստանի քաղաքացիներին Վրաստանը պետք է հետ վերադարձնի, չնայած, վերջին 10 տարիներում նման բան տեղի չի ունենում»,-նշել է Յոհանսոնը:
Վերջինիս խոսքով, վրացական կողմը դա բացատրում է մի քանի պատճառով, այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկներում ազատ տեղերի բացակայությամբ: