Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սակաշվիլին գտնում է, որ իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պետք է համախմբվի այլ ընդդիմադիր ուժերի հետ՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը իշխանությունից զրկելու համար:
Հիշեցնենք՝ Սաակաշվիլին վերջերս վտարվել է Ուկրաինայից, այժմ գտնվում է Հոլանդիայում, որտեղից էլ տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված իր համախոհներին:
«Վրաստանը մեծ վտանգի առաջ է կանգնած: Այս պայմաններում Իվանիշվիլին (խմբ.՝ Բիձինա Իվանիշվիլի, Վրաստանի նախկին վարչապետ) փաստացի քասթինգ է հայտարարել՝ գլխավոր ընդդիմադիր ուժ կոչվելու համար: Նրանք պայքարում են բոլոր ընտրություններում երկրորդ տեղի համար և հպարտ են այդ պատվավոր պարգևի համար: Կներեք, բայց պետք չէ: Մեր խնդիրը Վրաստանում իշխանության վերադառնալն է, և մենք պետք է իշխանության վերադառնանք արդեն 2018-ին: Ինչպե˚ս է պետք դա իրականացնել: Մենք պետք է հաղթանակ տանենք նախագահական ընտրություններում և այդ հաղթանակի ֆոնի վրա ոչնչացնենք Իվանիշվիլիի կառավարությունը»,-ասել է Սաակաշվիլին:
Նա կարծում է, որ իր ներկայացրած սցենարը իրապես ռեալ է, քանի որ Վրաստանը հիասթափված է. «Վերջին տարիների ընթացքում Իվանիշվիլին երբեք այսքան թույլ չի եղել: Մարդիկ վերջնականապես ատեցին նրան: Ժողովուրդն ամեն ինչ հասկանում է: Հասարակության բոլոր հատվածների աչքերը բացվել են: Նրանք տեսնում են՝ ինչ կար, և նա ինչ քանդեց և ոչնչացրեց: Ամենակարևորը, որ մենք դրական աճ ունենք, մենք այն միակ ուժն ենք, որ կարող է երկիրը դուրս բերել այս աղքատությունից: Հենց այդ պատճառով այժմ մենք պետք է պատրաստվենք նախագահական ընտրությունների քարոզարշավին: Փրայմերիզի ճանապարհով բոլոր չծախված ընդդիմադիր ուժերը պետք է ընտրեն արժանի թեկնածու»:
Սաակաշվիլին գտնում է, որ քարոզարշավում պետք է ներ դեմքեր ներգավված լինեն, հատկապես երիտասարդությունը. «Մեր ուժը չի ծախվել, չի ոչնչացվել, պահպանվել է՝ չնայած մեծ ճնշմանն ու չնայած նրան, որ դա Իվանիշվիլիի նվիրական երազանքն էր: Այժմ մենք պետք է Վրաստանը վերադարձնենք վրաց ժողովրդին»:
Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը վերջին անգամ անցկացվելու են ուղիղ նախագահական ընտրություններ, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսին: Ներկայումս նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, Լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, նաև երկրի գործող ղեկավար Գիորգի Մարգվելաշվիլին:
Վրացական երազանքն ու խորհրդարանական ընդդիմությունը դեռևս թեկնածու չեն ներկայացրել: