Այսօր լրանում է 1991 թվականի մարտի 31-ի հանրաքվեի 32 տարին։ Այս առիթով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել:
Ղարիբաշվիլին նշել է՝ ուղիղ 32 տարի առաջ Վրաստանի ողջ բնակչությունն ի լուր աշխարհի հայտարարեց, որ աջակցում է երկրի անկախության վերականգնմանը։ Ըստ վարչապետի՝ հենց մարտի 31-ի հանրաքվեի արդյունքներն էլ հիմք հանդիսացան 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն խորհրդի կողմից Անկախության ակտի ընդունման համար։
«Այս օրը Վրաստանի նորագույն պատմության մեջ օրինակելի դարձավ քաղաքացիական միաձայնության տեսանկյունից։ Մեր բազմազգ երկրի ողջ տարածքում անցկացված հանրաքվեում ողջ ժողովուրդը, այդ թվում՝ աբխազ և օս հայրենակիցները, պաշտպանեցին անկախ Վրաստանի գաղափարը»,- նշել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով, մարտի 31-ը ուշագրավ է մեկ այլ պատճառով ևս՝ այսօր հանրաքվեի ոգեշնչող, Վրաստանի անկախության համար պայքարի խորհրդանիշ նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան 84-ամյակն է։
«Մարտի 31-ի հանրաքվեն կմնա մեր պատմության մեջ որպես իրադարձություն, որը ամուր հիմքեր դրեց անկախ, ժամանակակից, եվրոպական պետության կառուցման համար՝ շարժվելով դեպի այն նպատակը, որը միավորում է վրացիների բոլոր սերունդներին»,- կառավարության ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:
Ի դեպ, 1991 թվականի մարտի 31-ին Վրաստանը հանրաքվե անցկացրեց: Հարցին՝ «Համաձա՞յն եք, թե՞ ոչ, որ 1918 թվականի մայիսի 26-ի ակտի հիման վրա վերականգնվի Վրաստանի պետական անկախությունը», 1991 թվականի մարտի 31-ին ընտրողների մեծամասնությունը դրական պատասխանեց։ 3 միլիոն 672 հազար 403 ընտրողներից 3 միլիոն 295 հազար 493-ը քվեարկեց Վրաստանի պետական անկախությունը վերականգնելու օգտին:
Ապրիլի 9-ին Գերագույն խորհրդի նիստում ընդունվեց Վրաստանի անկախության ակտը։ 1991 թվականի ապրիլի 5-ին հրապարակվեցին հանրաքվեի վերջնական արդյունքները։